Պահանջվող գումարն ընդամենը 13 դրամ էր

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արթիկի հարկային տեսչությունը ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայր հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Սուսաննա Ա.-ի` պատասխանողից 524.803 դրամ բռնագանձելու պահանջի մասին:

Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ ֆիզիկական անձ Սուսաննա Ա.-ն` որպես անհատ ձեռնարկատեր, հաշվառված է եղել Արթիկի տարածքային հարկային տեսչությունում, որը լուծարվել է: Սակայն պարտավորությունը բյուջեի նկատմամբ նախքան լուծարվելը 26.05.2011 թվականի դրությամբ կազմել է 524.803 դրամ: Պատասխանողի պարտավորությունը եկամտահարկի գծով 65 դրամ է, հաստատագրված վճարի գծով` 13 դրամ: Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով պարտավորությունը կազմում է 524.725 դրամ, որից ապառք` 350.056 դրամ, տույժ` 174.669 դրամ:

29.06.2005 թվականին Սուսաննա Ա.-ն դիմում է ներկայացրել Անիի հարկային տեսչություն և ռեգիստր, որ աշխատանքները դադարեցրել է և խնդրել իր անհատ ձեռներեցի գործունեությունը դադարեցնել։

15.12.2005թ. ուժի մեջ մտած «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին ՀՀ օրենքի՝ այն անհատ ձեռնարկատերերը, ովքեր մինչև 01.05.2006թ. հարկային մարմնին գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու) մասին գրավոր դիմում չեն ներկայացրել (հոդված 21) կամ 2006թ. հունվարի 1-ից մինչև 2006թ. մայիսի 1-ը չեն վճարել 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների 30 տոկոսը (հոդված 3), ազատվում են 2003-2005թթ. համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի վճարումից։ Սույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի կողմից 2006թ. հունվարի 1-ից հետո մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման մասին գրառման պահը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարներ չեն հաշվարկվում (չեն վճարվում), հետևաբար դրանց նկատմամբ չեն կարող նաև տույժեր հաշվարկվել։

Դատարանի եզրակացմամբ՝ պատասխանողի նկատմամբ 01.01.2006թ-ից անհիմն կերպով է հաշվարկել պարտադիր սոցիալական ապահովագրության նվազագույն գումար։ Փաստորեն, վերը նշված օրենքի ուժով պատասխանողն ազատվել է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի, եկամտահարկի և դրա դիմաց հաշվարկված տույժերի գծով պարտավորություններից:

Դատարանը վճռեց հայցը բավարարել մասնակի. Սուսաննա Արսենյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 13 ՀՀ դրամ հաստատագրված վճարի գումար: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց ՊԵԿ-ի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժել և վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել