Երևանի ավագանու անդամ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քանի որ մեր հասարակության մի զգալի մասն այժմ հրաշալի տիրապետում է իրավիճակին, պատճառներին, հստակ գիտի, թե ինչ է պետք անել նման իրավիճակներում և որն է միակ ճշմարիտ լուծումը՝ դատելով բազմաթիվ գերհամոզված գրառումներից, մեկնաբանություններից, և քանի որ անձամբ ես դեռ այդքան լավ չեմ տիրապետում, և որոշակի ժամանակ է հարկավոր վերլուծելու համար, մինչ այդ հատկապես ինձ հետևող ուսանողների և երիտասարդների համար (բայց՝ ոչ միայն) փորձեմ ընդամենը ներկայացնել, թե այս պահին, վստահաբար, ինչ պետք է ՉԱՆԵԼ.
– 1 կամ 2 գործոնով վերլուծություններ և այդ հիմքով պարզունակ եզրահանգումներ՝ անտեսելով մնացած 100-200 հայտնի և անհայտ գործոնները,
– հուսահատություն, ապագայի նկատմամբ ֆատալիստական պատկերացումներ և այդ հիմքով աշխատունակության անկում,
– մեղավորներ փնտրելու ապակառուցողական մոլուցք` հետագա անելիքը և կառուցողական գործողությունները պլանավորելու փոխարեն,
– առանց այն էլ օբյեկտիվորեն բարդ իրավիճակի հավելյալ դրամատիզացում և հասարակության հուզական տեռոր հանրային գրառումներով (այս ցավի հետ ապրել չի լինի, մեր ապագան ջնջվեց և այլն),
– բարոյալքում, սեփական բարոյական կերպարի անտեսում և մարդկային վեհության կորուստ (հայհոյախառը հանրային գրառումներն աստիճանաբար նորմա դարձնելը, հարգանքի կորուստը, անթույլատրելի բառապաշարով միմյանց հասցեին արտահայտվելը և այլն),
– ձևավորված բարդ իրավիճակի պատճառով որևէ վայրկյան կրթության դերի անտեսում կամ թերագնահատում:
Այս ամենն ընդունե’ք պարզապես որպես խնդրանք։
Բոլորս ունենք ծանր կորուստներ, վերջիվերջո մարդկության պատմության մեջ աննախադեպ կործանարար և չլսված սաստկության պատերազմ էր (է) սա, բայց հատկապես այդ պատճառով պարտավոր ենք ավելի ամուր և շրջահայաց լինել՝ իմաստավորելով թե՛ մեր կորուստները, թե՛ մեր ապագան և փառք տալով մեր հերոսներին, որոնց շնորհիվ այդ ապագան կարող պայծառ լինել»: