Տավուշի մարզի Հովք համայնքում մեկնարկել է 10 մլն ծառ տնկելու նախաձեռնության առաջին ծառատունկը. ՇՄՆ

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Հովք համայնքում մասնակցեցին 10 մլն ծառ տնկելու նախաձեռնության շրջանակում իրականացվող ծառատունկի։

Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման իր ելույթում ազդարարեց 10 մլն ծառ տնկելու, իր որակմամբ, ամբիցիոզ ծրագրի մասին: 10 մլն ծառը, համաձայն վարչապետի, «կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ՝ Հայաստանի Հանրապետությունում»:
Ավելի վաղ Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ 10 մլն ծառ տնկելու նախագծը մինչև 2021 թվականի վերջ հետաձգելու վերաբերյալ։

Ա․ Մազմանյանի հավաստմամբ, համահայկական ծառատունկի համալիր աշխատանքների մեկնարը ռազմական դրության այս փուլում իր մեջ որոշակի խորհուրդ ու հաղորդագրություն է պարունակում՝ ուղղված ամբողջ աշխարհին. ծառ տնկելով, մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ ապրել ենք մեր հողում, հայրենիքում և շարունակելու ենք ապրել ու հզորացնել մեր երկիրը։ Մենք արմատներով շատ ամուր ենք կառչած այս հողին։ Ծառատունկի մեկնարկը յուրահատուկ խրախուսում է, որ կյանքը շարունակվում է և պետք է կանգ չառնել ու գործել։
Ծրագրի այս փուլում նախատեսվում է տնկել 1 մլն ծառ։

«Իջևանի անտառտնտեսության» տարածքում կտնկվի շուրջ 30,000 տնկի։ Հիմնական անտառկազմող ծառատեսակները կլինեն սոճին, կաղնին, իսկ ուղեկցող այլ ծառատեսակները՝ հացենի, թխկի, արջատխլենի։
Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը պատերազմի ժամանակ և պատերազմից դուրս միայն ռազմաճակատը չէ։ Անվտանգային համակարգը բազմաշերտ է և դրա մեջ մտնում են տնտեսությունն ու շրջակա միջավայրը։Այդ համատեքստում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ծառատունկը համարում է երկարաժամկետ ներդրում։
Այս ներդրումն ամենառազմավարական ներդրումն է և օրինակներից մեկը, թե ինչպես պետք է հզորացնել երկիրը, թիկունքը՝ պատերազմական դրության ժամանակ։
Թկունքն ամուր պահելու վճռականությունը պետք է վարակիչ դառնա․ յուրաքանչյուր ոք կարող է մասնակից դառնալ համահայկական ծառատունկի այս ալիքին:

Գրանցվե՛ք www.10m.am/ կայքում ու դարձե՛ք 1-ը 10 միլիոնից։
Յուրաքանչյուր մարդ իր ցանկությամբ կարող է տնկել իր իսկ ծառը, հատուկ նախատեսած վայրում, այն անվանակոչելով իր անունով և կայքի ինտերակտիվ քարտեզի միջոցով հետևել դրա հետագա պահպանմանը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել