Հակառակորդի հարձակողական, լայնածավալ բռունցքի, թափի կոտրումը իրականացված է մեր կողմից, որից հետո շարունակվում են այլ բնույթի գործողություններ, որոնք դանդաղ, օջախային, սողացող բնույթ ունեն, շարունակվում են։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հեշտ չէ միանգամից չեզոքացնել այդ բարդ լեռնաանտառատեղանքում բավականին մեծաքանակ դիվերսիոն խմբերի հոսքը, բայց այնպես էլ չէ, որ իրենք այստեղ մեծ հաջողություն ունեն, որովհետև ինչպես ասում ենք, մենք մեր տունն ենք պաշտպանում, մենք մեր տան տերն ենք և հաղթելու ենք միանաշանակ։
Բնույթն այդպիսին է, դանդաղ, փոքր բախումներով, որոնք ավելի շատ մերձամարտ են, քան նախորդ ճեղքման փուլերում մեծ, լայնամասշտաբ հարձակողական ցամաքային զորախմբերը»,-ասաց նա։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, հայկական զինված ուժերը խաղաղ բնակիչներից վրեժ չի լուծելու, ինչպես դա իրականցնում է Ադրբեջանի ԶՈՒ-ն և ռազմաքաղաքական ղեկավարությունը․ «Մենք մեր կռիվը վարելու ենք մեր տուն մտած հակառակորդի, թշնամու հետ՝ լինի դա Ադրբեջանի, Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչ, կամ մեկ այլ պետության, ահաբեկիչ, թե հրոսակ։ Մենք ասել ենք՝ բարի գալուստ դժոխք, իրենք դժոխքում են լինելու և իրենք կտեսնենք։ Մենք հաղթելու ենք և իրենք վառվելու են դժոխքում»։