ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեծածավալ աշխատանք է իրականացնում ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերում, կիբերհանցագործության, համացանցում տեղադրվող կեղծ հրապարակումների և այլ ոլորտներում։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։
Սեպտեմբերի 27-ից մինչ օրս ԱԱԾ-ում գործում է շուրջօրյա թեժ գիծ, ստացվել է 1551 ահազանգ, որոնք վերաբերել են պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին, ֆեյսբուքյան պաշտոնական էջին տարբեր օգտատերերը հասցեագրել են շուրջ 2300 նամակ-հաղորդագրություն։ Բոլորի առնչությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ։
«Զինծառայողների շրջանում կեղծ լուրերի տարածման ուղղությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ԱՀ-ում և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում անձը մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում տարածել է կեղծ և ստահոդ լուրեր՝ ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ»,-ասաց Արմեն Աբազյանը։
ԱԱԾ տնօրենի տեղակալի խոսքով, այդ անձը ձերբակալվել և կալանավորվել է։
«Ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի համատեղ հրամանների համաձայն, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի ավտոճանապարհների որոշ հատվածներում տեղադրվել են տասից ավելի անցակետեր, որտեղ իրականացվում են շուրջօրյա աշխատանքներ՝ բացահայտելու օտարերկրյա հնարավոր լրտեսների ներթափանցումը և դիվերսիոն խմբավորումների բացահայտումը ՀՀ-ում։ Այս շրջանակներում նաև արձանագրվել և բացահայտվել են ՀՀ զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր, իրականացվել են համապատասխան աշխատանքներ»,-ասաց նա։
Տեղեկատվական անվտանգության մասին խոսելիս, Արմեն Աբազյանը նշեց, որ պատերազմական գործողությունների սկսվելուց հետո աննախադեպ աճել է պետական համակարգի վրա հարձակումների քանակը, որի շրջանակներում ԱԱԾ-ն մշտապես իրականացրել է ՀՀ պետական տեղեկատվական տիրույթի՝ կիբերհանցագործություններից պաշտապանական աշխատանքներ։
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս գրանցվել է կիբերհարձակման շուրջ 692 000 դեպք։ ԱԱԾ-ն այս ընթացքում ապահովել է պաշտոնական կայքերի և պետական տեղեկատվական համակարգերի բնականոն գործունեությունը»,-նշեց ԱԱԾ տնօրենի տեղակալը։
Համացանցում տեղադրված կեղծ հրապարակումների վերաբերյալ․ սոցցանցերում խուճապային տրամադրությունների տարածելու և մարտական գործողություններին վերաբերող անթույլատրելի գրառումներ, լուսանկարներ և տեսագրություններ տարածելու ուղղությամբ կատարված կանխարգելիչ գործընթացների շրջանակներում գրանցվել է 245 դրվագ։ Դրանք փոխանցվել են ոստիկանություն և իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
«Պատերազմական գործողություններին ներգրավված ԱԱԾ սահմանապահ զորքերից այս ընթացքում ունեցել ենք 37 զոհ, 4 անհետ կորած և 243 վիրավոր։ Այս ընթացքում ակտիվ համագործակցություն է իրականացվում նաև Արցախի ԱԱԾ գործընկերների հետ՝ միասին իրականացնելով համապատասխան աշխատանքներ։ Նշված աշխատանքներն իրականցվում են նաև Երևանում և բոլոր մարզերում»,-ասաց նա։
Աբազյանի խոսքով՝ ԶՈՒ գլխավոր շտաբի հետ համագործակցության արդյունքում ԱԱԾ-ի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարբերաբար ստացվում են և ԶՈՒ ԳՇ են փոխանցվում հետախուզական, հակահետախուզական, գաղտնի ռեժիմի և զորքերի մարտունակության ու մարտական պատրաստության ապահովման ուղղությամբ տեղեկություններ, որոնք ԳՇ-ն օգտագործում է հետագա գործողություններն առավել արդյունավետ իրականացնելու համար։