Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 21-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:
Երկրի ղեկավարն անդրադարձել է ստեղծված պատերազմական իրավիճակին եւ նշել, որ, հաշվի առնելով թշնամու նկրտումները, պետք է պատրաստվել երկարաժամկետ գործողությունների:
Նախագահ Հարությունյանի խոսքով՝ թիկունքային աշխատանքներում պետք է ներառվեն ինչպես ենթակառուցվածքների գործուն վիճակի ապահովման, սննդի ժամանակին մատակարարման, թոշակ-աշխատավարձերի վճարման, այնպես էլ ռազմական գործողությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր տեղափոխված ԱՀ քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման հարցերը: «Երեւանում ձեւավորել օպերատիվ շտաբ, որը ՀՀ մարզերում կունենա աշխատանքային խմբեր: Շտաբի նպատակն է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետեւանքով Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված բոլոր ընտանիքների սոցիալական խնդիրներով զբաղվելն ու նրանց առաջնահերթ խնդիրները հոգալը: Հորդորում եմ երիտասարդներին ձեւավորել կամավորական խմբեր՝ շտաբի աշխատանքներին աջակցելու համար»,- խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է նախագահը եւ ընդգծել, որ, անկախ հանգամանքներից, յուրաքանչյուր արցախցի պետք է իր նկատմամբ զգա կառավարության ամենօրյա ուշադրությունը:
Անդրադառնալով ռազմաճակատում ստեղծված իրավիճակին՝ նախագահը նշել է, որ պաշտպանության բանակը՝ աշխարհազորի հետ միասին, շարունակում է դիմագրավել թշնամու հարձակողական գործողություններին՝ ամեն օր պատճառելով նրան կենդանի ուժի եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ: «Թե՛ մեր բանակը, թե՛ ազգաբնակչությունը շատ լավ պատկերացնում են եւ՛ այս պատերազմի դժվարությունները, եւ՛ այն երկարաժամկետ կտրվածքում հաղթահարելու խնդիրները: Առիթից օգտվելով՝ մեկ անգամ եւս դիմում եմ Մայր Հայրենիքում գտնվող բոլոր զինապարտ արցախցիններին օր առաջ Արցախ վերադառնալու եւ իրենց եղբայրներին թեւ ու թիկունք կանգնելու կոչով: Բոլորս մեր վարքի եւ դրսեւորած պահվածքի համար պատասխան ենք տալու առաջին հերթին հանրության առջեւ»,- շեշտել է նախագահ Հարությունյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ կառավարման տարբեր օղակներում փոխգործակցված աշխատանքների հետ կապված այլ հարցեր: