Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը խոսել է հոկտեմբերի 10-ին Հադրութ ներթափանցած դիվերսիոն խմբի գործողությունների մասին։
Ինչպես հայտնել էին ՄԻՊ աշխատակազմից, երեկ Հադրութում ադրբեջանցի դիվերսանտները տանը սպանել են երկու բնակչի՝ մորը և հաշմանդամություն ունեցող որդուն:
«Հրադադարի պայմանավորվածությունից հետո ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Հադրութ, ըստ որոշ տվյալների, նաև՝ վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ: Այնտեղ ահաբեկել են բնակչությանը, վառել են որոշ տներ, նաև սպանել են որոշ քաղաքացիական անձանց:
Երեկվա դրությամբ մենք տեղեկություն ունեինք 2 հոգու մասով՝ հաշմանդամ տղայի ու նրա մոր, որոնց սպանել են գնդակահարելով, նաև քիչ առաջ մենք տեղեկություններ ստացանք, անունները հրապարակեմ, որ որևէ մեկը կասկած չունենա, Միշա և Անահիտ Ավետիսյանները, (ազգանունը լրացուցիչ կճշտեմ), դրանից բացի, նաև երկու լրացուցիչ քաղաքացիական անձանց մասով էլ տեղեկություններ ունենք՝ Նվեր Գրիգորյան և Արտյոմ Միրզոյան, այս երկուսը նույնպես սպանվել են վարձկան ահաբեկիչների կողմից:
Առաջին երկուսը՝ որդին և մայրը սպանվել են իրենց տանը, ինչը նշանակում է, որ ուղղակի ներխուժել են տուն և գնդակահարել: Մենք հրապարակել ենք լուսանկարներ, հաշմանդամություն ունեցող անձը մի քանի տեղից՝ կրծքից, որովայնի հատվածից գնդակահարված է, նաև գնդակահարված է նրա ձեռքը՝ ափը, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ նա ձեռքի ափը բարձրացրել է, ցույց է տվել, որ ինքը անզեն է ու այդպես պաշտպանվել է, և ադրբեջանական ահաբեկիչները խփել են նաև նրա ձեռքին: Սա լրացուցիչ կերպով ցույց է տալիս, որ դա եղել է ահաբեկչություն, պատերազմական ծանրագույն հանցագործություն»,-նշեց Բեգլարյանը:
Ասուլիսի տեսագրությունը՝ այստեղ
https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/340369097076183