Հայաստանի Հանրապետության տարածքում այս պահին չկա օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, այս օրերին մեր հասարակության որոշակի շրջանակներում լուրեր շրջանառվեցին, թե հնարավոր է փորձնական օդային տագնապի ազդանշան լինի: Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական: Չնայած նրան, որ այս պահին չկա դրա անհրաժեշտությունը, բայց հատկապես սահմանամերձ շրջանների մեր հայրենակիցներին կոչ եմ անում թարմացնել գիտելիքները՝ վերհիշելով օդային տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն կանոնները»,- գրել է Ցոլակյանը:
Նախարարը նշել է, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի իրազեկման անհրաժեշտ բոլոր միջոցները՝ «Օդային տագնապ»-ի դեպքում բնակչությանն այդ մասին օպերատիվ տեղեկացնելու համար:
«Հարկ եղած դեպքում իրազեկումն իրականացվելու է էլեկտրաշչակներով, բջջային հեռախոսներին ուղարկվող կարճ sms հաղորդագրությունների տեսքով և զանգվածային լրատվության միջոցներով: Խնդրում և հորդորում եմ բոլորիդ հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»,- հավելել է Ֆելիքս Ցոլակյանը:
https://www.facebook.com/Iravabannet/videos/392673508397609