Մակրոնը հայտնել է, որ փաստեր ունի Ղարաբաղի մարտերում Թուրքիայից իսլամիստների մասնակցության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ կան վկայություններ Ղարաբաղի մարտերում Թուրքիայից իսլամիստների մասնակցության մասին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Ղարաբաղում իրավիճակը բարդ է … Ես նաև ուզում եմ պարզաբանել. Այսօր մենք ունենք տեղեկատվություն, որ ջիհադիստական ​​խմբավորումների զինյալները լքել են Սիրիայի ռազմական գործողությունները՝ միանալու Ղարաբաղի ռազմական գործողություններին», – ասել է Մակրոնը։

Վերջին օրերին միջազգային մամուլում բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ Թուրքիան Սիրիայից մեծ թվով վարձկանների է տեղակայել Ադրբեջանում, իսկ սեպտեմբերի 27-ից այդ վարձկաններն Ադրբեջանի կողմից կռվում են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:

Հիշեցնենք, որ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն:

Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր:

Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել