Ես հատկապես մտահոգված եմ Թուրքիայի ղեկավարության ռազմական հռետորաբանությամբ. նախագահի նամակը Աբու Դաբիի թագաժառանգին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների վերաբերյալ հատուկ նամակ է հղել Աբու Դաբի Էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին:

Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարարծած մամուլի հաղորդագրությունից:

Հանրապետության նախագահը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունները՝ նշելով, որ դրանց հետևանքով երկու կողմերում զոհվել և վիրավորվել են տասնյակ զինվորականներ և քաղաքացիական անձինք:

«Վերջին ամիսներին Ադրբեջանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով բարձրաձայնել է իր մտադրությունը՝ լուծելու հակամարտությունը պատերազմի միջոցով և նմանօրինակ փորձ է արել հուլիսին: Դժբախտաբար, այս կանխատեսելի զարգացումը չի կանխվել կամ խոչընդոտվել միջազգային հանրության կողմից: Վերջին հարձակումը ոչ միայն զրոյացրել է խաղաղության շուրջ տարվող բանակցությունները, մեծապես վնասել խաղաղության ողջ գործընթացը, այլև մեծ սպառնալիք է դարձել ողջ տարածաշրջանի անվտանգության համար:

Ես հատկապես մտահոգված եմ Թուրքիայի ղեկավարության ռազմական հռետորաբանությամբ, որն ակնհայտորեն փորձում է օգտագործել հակամարտությունը՝ սեփական նպատակներն առաջ մղելու համար»,– ասվում է նախագահի նամակում:

Արմեն Սարգսյանը դիմել է Աբու Դաբիի թագաժառանգին՝ խնդրելով օգտագործել միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի անհապաղ դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:

«Հակամարտությունը կարող է և պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով: Այն չունի ռազմական կարգավորում: Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապացուցենք կրկին»,- ասվում է նամակի եզրափակիչ հատվածում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել