Լեռնային Ղարաբաղում հայերը չեն կարող պարտվել. Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ «Ալ Արաբիա» հեռուստաալիքին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին.

Հարց- Պարոն նախագահ, շնորհակալ ենք Ձեր ժամանակից մեզ տրամադրելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի այն հայտարարությունները, որտեղ նա նշել է, թե աջակցելու է Ադրբեջանին՝ «վերադարձնելու օկուպացված տարածքները»: Ինչպե՞ս կարձագանքեք սրան:

– Շնորհակալ եմ այս հնարավորության համար: Թույլ տվեք սկսել իմ ցավակցության խոսքը հայտնելով Քուվեյթի էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ մարդասեր առաջնորդ, Նորին գերազանցություն շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահի մահվան կապակցությամբ:

Վերադառնալով Ձեր հարցին՝ ցանկանում եմ անդրադառնալ երկու-երեք կետի: Նախ, երբ Ադրբեջանը խոսում է «օկուպացված տարածքների» մասին, իրականում դա Լեռնային Ղարաբաղն է, որը պատմական հայկական տարածք է, որտեղ հայերը դարերով, հազարամյակներ շարունակ ապրել են:

Շուրջ 70 տարի առաջ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինն այդ տարածքը տվեց Ադրբեջանին, և այն դարձավ Խորհրդային Ադրբեջանի մաս: Խորհրդային Միության փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ընդ որում՝ բնակիչների 90 տոկոսը մշտապես հայեր են եղել, հռչակեցին սեփական երկրում ազատ ապրելու իրենց իրավունքը և վճռեցին սեփական ճակատագիրը: Հետևաբար, սա «օկուպացված տարածք» չէ:

Անդրադառնալով Ադրբեջանում թուրքական բանակի ներկայությանը՝ պետք է նշել, որ այդ մասին լուրերը պարզապես պատմություններ չեն: Թուրքիան կարող է աջակցել Ադրբեջանին որքան ցանկանում է, հումանիտար տեսանկյունից կցանկանայի տեսնել, թե ինչպես են երկրները միմյանց աջակցում կրթության, գիտության, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Սակայն երբ թուրքական բանակի գեներալները գտնվում են Ադրբեջանում, թուրքական կողմից սիրիական վարձկանները կռվում են Ադրբեջանի կողմից, Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի կողմից տրամադրված և թուրքական արտադրության զենքերի լայն տեսականի, և երբ թուրքական F-16 կործանիչները թռիչքներ են իրականացնում Հայաստանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հատվածում՝ հարվածի տակ առնելով անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը, կարծում եմ՝ այս ամենն արդարացում չունի: Սա բացահայտ միջամտություն է Լեռնային Ղարաբաղում մարդկանց կյանքին եւ ազատ ապրելու վճռականությանը: Կարծում եմ՝ այս պարագայում Ադրբեջանին աջակցելն ու օգնություն տրամադրելը նշանակում են մասնակիցը դառնալ արյունահեղությանը, փոխանակ այդ երկրին խորհուրդ տալու՝ խոսել Հայաստանի հետ, որպեսզի վերսկսվեն բանակցությունները:

26 տարի է՝ գոյություն ունի մի հարթակ՝ ստեղծված ԵԱՀԿ-ի կողմից: Այն ղեկավարում են Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Ես խորապես հավատացած եմ, որ գոյություն ունի այս խնդիրը լուծելու միայն մեկ ճանապարհ, և դա բանակցություններն են:

Լեռնային Ղարաբաղում հայերը չեն կարող պարտվել, Արցախում, Հայաստանում ու ողջ աշխարհում հայերը որևէ կերպ չեն կարող դա ընդունել, հատկապես, Թուրքիայի ներգրավվածության պայմաններում: Մենք բոլորս հիշում ենք՝ 105 տարի առաջ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 միլիոն հայեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ: Մենք ոչ մի դեպքում չենք կարող թույլ տալ, որ սա կրկնվի:

Հարց- Պարոն նախագահ, ես ցանկանում եմ նշել մի շարք կետեր, որոնց Դուք թերևս կարող եք անդրադառնալ: Նախ և առաջ, Ադրբեջանն ասում է, թե Հայաստանն է սկսել բախումները: Ադրբեջանը նաև մեղադրանք է հնչեցնում, որ ձեզ աջակցում է Քրդական բանվորական կուսակցությունը (PKK): Եթե Թուրքիան ունի սիրիացի վարձկաններ, ապա այդ երկիրն ասում է, թե Լեռնային Ղարաբաղում վարձկաններ կան PKK-ից: Դուք նշեցիք, որ Թուրքիան պետք է խորհուրդ տա Ադրբեջանին: Արդյո՞ք ընդունում եք, որ այդ երկիրը կարող է միջնորդ լինել, պատրա՞ստ եք որոշակի բանակցություններ վարել ուղղակիորեն Թուրքիայի հետ:

– Ես ասում էի, որ լավ կլիներ, եթե Թուրքիան խորհուրդ տա, այլ ոչ թե ներգրավվի պատերազմում և իր զինվորականներին, գեներալներին, վարձկաններին, մարտիկներին, ինքնաթիռներն ուղարկի Լեռնային Ղարաբաղ: Սակայն նրանք ճիշտ հակառակն են անում: Այսպիսի պայմաններում ինչպե՞ս կարող են նրանք հանդես գալ որպես միջնորդ: Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ: Թուրքիան կարող է ձևացնել, թե կան խնդիրներ Հայաստանի հետ: Սակայն բացարձակ անհեթեթություն է այն, թե Հայաստանում կան PKK-ի զինյալներ: Բացարձակ անհեթեթություն: Նրանք նաև ասում են, թե հայերը թիրախավորում են Ադրբեջանում միջազգային նշանակության նավթամուղեր ու գազամուղներ: Սա ևս անհեթեթություն է: Թույլ տվեք ձեզ մի հարց ուղղել տարրական տրամաբանության տեսանկյունից. եթե հայերը մտադրություն ունենային հարվածել գազամուղի, որը Բաքվից գնում է Ջեյհան, ինչո՞ւ նրանք դա չարեցին 20 տարի առաջ, երբ այս գազամուղը կառուցման գործընթացում էր: Մեկ կամ երկու կրակոց, և այդ գազամուղը երբեք էլ այդտեղ չէր լինի: 20 տարի առաջ կրակելով՝ նրանք թույլ չէին տա Ադրբեջանին Թուրքիայի միջոցով միջազգային հանրությանը վաճառել միլիարդավոր դոլարների նավթ ու դառնալ հարուստ և օգտագործել այդ գումարն իրենց բանակն ուժեղացնելու, ողջ աշխարհից զենքեր գնելու ու հիմա էլ հայերի դեմ կրակելու համար:

Որտե՞ղ է տրամաբանությունը: Եթե մենք ցանկանայինք կրակել գազատարի վրա, մենք դա 20 տարի առաջ կանեինք: Թուրքիան կարող է ձևացնել և հայտարարել, թե PKK զինյալներ կան, թե հայերը ցանկանում են հարվածել գազատարներին: Այդ ամենը պարզապես արդարացումներ են, որպեսզի իրենց ուժեղ ներկայությունն ապահովեն Ադրբեջանում:

Կարծում եմ՝ Ադրբեջանում Թուրքիայի ուժեղ ներկայությունը մեկ այլ ահագնացող սպառնալիք է Հայաստանի համար:

Հարց- Ինչո՞ւ եք կարծում, որ Թուրքիան է այս ամենն անում: Ինչպե՞ս են իրադարձությունները զարգանում. առաջիկայում կտեսնե՞նք արդյոք ավելի շատ բանակցություններ և, հնարավոր է, որոշակի լուծում, դիտորդներ, թե՞ ավելի շատ ռազմական առճակատումներ կլինեն:

-Առաջին հերթին, թույլ տվեք ասել, որ ռազմական գործողությունները և հարձակումները սկսվել են Ադրբեջանի կողմից: Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունեն: Նրանք ապրում են իրենց անկախ հանրապետությունում, ապրում են սովորական, բնականոն կյանքով, ինչու՞ պետք է հարձակվեին Ադրբեջանի վրա և այս արյունահեղությունն անեին:

Հարձակումը կազմակերպվել է Ադրբեջանի կողմից, քանի որ ինչ-որ իմաստով նրանք պատրանքներ ունեն, որ կարող են խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Ասում եմ, որ դա պատրանք է, որովհետև կարող եմ հաստատել, որ հայ ժողովուրդը ոչ մի դեպքում այլևս երբեք թույլ չի տա, որ ևս մեկ ցեղասպանություն տեղի ունենա: Յուրաքանչյուր հայ կդառնա զինվոր և կօգնի Լեռնային Ղարաբաղի հայերին՝ պաշտպանելու իրենց հայրենիքը:

Որևէ այլ ճանապարհ չկա, քան բանակցությունների սեղանին վերադառնալը:

Ձեր հարցն ավելի շատ պետք է ուղղված լինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. նա է սկսել այս առճակատումները և հենց նա էլ պետք է դադարեցնի այն: Հայերը պաշտպանում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, և ադրբեջանական կողմը պետք է որոշի, հասկանա և համաձայնի, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի: Կա միայն մարդկային լուծում՝ բանակցությունները: Բանակցությունների համար անհրաժեշտություն չկա գտնել բանակցողներ, միջնորդներ, քանի որ արդեն իսկ կա ԵԱՀԿ-ն՝ իր երեք համանախագահող երկրներով՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան, համանախագահող երկրներ, որոնց բոլորը կարող են վստահել:

Դեպի խաղաղություն տանող ճանապարհը բանակցություններին վերադառնալն է, այլ ոչ թե մարդկային կյանքեր ոչնչացնելը: Կյանքեր են խլվում երկու կողմում՝ և՛ հայկական, և՛ ադրբեջանական: Կարելի է հորինել ցանկացած ենթադրյալ պատճառ, թե ինչու ես այս կամ գործողությունն անում, կարելի է ասել, թե կա PKK-ն, որի պատճառով է Թուրքիայի բանակն Ադրբեջանում կամ նրանք պաշտպանում են գազատարները, կամ էթնիկապես նույն են, ունեն էթնիկական կապեր և այլն: Սակայն այս ամենը չի կարող հիմք տալ՝ հարձակվել անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա և նաև կրակել Հայաստանի Հանրապետության վրա: Թող Թուրքիան հիշի, որ ինքը դեռևս ՆԱՏՕ-ի անդամ է, մի կազմակերպության, որն այսօրվա Թուրքիայի գործողություններին ամբողջությամբ հակադրվող պաշտպանական քաղաքականություն ունի:

– Այո, դա ճիշտ է, պարոն նախագահ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Ի՞նչ եք ակնկալում ՆԱՏՕ-ից: Ի՞նչ կարող է անել միջազգային հանրությունը: Ի՞նչ եք կարծում՝ Մինսկի խումբը կարո՞ղ է արդյունավետ քայլեր անել. մինչև այսօր մենք որևէ համարժեք լուծում չենք տեսել Մինսկի խմբի կամ ՆԱՏՕ-ի կողմից:

-Մենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն, որը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները, դիմել ենք միջազգային հանրությանը, դիմել ենք բոլորին: Մենք Թուրքիայի նման չենք դիմում միայն նրանց, ովքեր էթնիկապես կամ կրոնապես մոտ են մեզ: Մենք ապրում են գլոբալ միջավայրում և պետք է հարգենք միմյանց կրոնը, էթնիկ պատկանելությունը: Մենք դիմել ենք բոլորին՝ սկսած ՄԱԿ-ից, մեր բարեկամներին արաբական, իսլամական աշխարհից, Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից և ԱՄՆ-ից: Դիմել ենք՝ ասելով, որ նրանք պետք է միջազգային ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, քանի որ հենց ա՛յդ երկիրն է սկսել այս արյունահեղությունը: Մենք նաև կապի մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հայաստանի կառավարությունը, վարչապետը, արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ են համանախագահող երեք երկրների ղեկավարների հետ: Հույս ենք հայտնում, որ միջազգային հանրությունը, միջազգային ճնշումները, ԵԱՀԿ-ն, Մինսկի խմբի համանախագահները ի վերջո կկարողանան զսպել Ադրբեջանին, ինչպես նաև Թուրքիային, որն այսօր արդեն բացահայտ է աջակցում Ադրբեջանին, կդադարեցնեն այս ամենը և կվերադարձնեն բանակցային սեղանի շուրջ:

Կարող եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ հայ ժողովուրդը որևէ կերպ թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները խախտվեն: Մենք երբեք թույլ չենք տա, որ եւս մեկ ցեղասպանություն իրականացվի մեր հայրենիքում:

Ես դիմում եմ բոլորին, այդ թվում՝ ադրբեջանական և թուրքական կողմերին՝ կանգնեցրե՛ք այս արյունահեղությունները և վերադարձե՛ք բանակցությունների սեղան:

-Շնորհակալություն, պարոն նախագահ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել