Ինքնօղիթորումը արմատախիլ անելու միջոցառումների մասին արձանագրությու՞նն էր դարձել սեփականության իրավունքի գրանցման հիմքը

Նաիրա Մարդանյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Երջանիկ Սեդրակի Ծատուրյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Տավուշի մարզային ստորաբաժանման՝ Երջանիկ Ծատուրյանի անվամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 11-014-4-12 մատյանի 289 համար տակ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում գտնվող բնակելի տան նկատմամբ 2005թ. օգոստոսի 31-ին կատարված սեփականության իրավունքի գրանցումն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Հայցվորը, դիմելով դատարան, հայտնում է, որ 1992թ. մարտի 3-ին ամուսնացել է Երջանիկ Ծատուրյանի որդու՝ Արմեն Ծատուրյանի հետ։ Ամուսնությունը գրանցվել է 1992թ. ապրիլի 27-ին, Արծվաբերդի գյուղխորհրդում։ Համատեղ ամուսնության ընթացքում ունեցել են երկու երեխա։ Ընտանիքը մշտապես բնակվել և հիմա էլ բնակվում է Արծվաբերդ գյուղում։ 2011թ. փետրվարի 20-ին մահացել է որդին՝ Սմբատը, իսկ նույն տարվա հոկտեմբերի 20-ին՝ նաև ամուսինը։ Մյուս տղան՝ Դավիթը, այս պահին ծառայում է ՀՀ զինված ուժերում։

Համաձայն 2005թ. օգոստոսի 31-ի թիվ 2109323 սեփականության իրավունքի վկայականի` Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում գտնվող 192.60 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան և 0.176 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ գրանցվել է սույն գործով պատասխանող Երջանիկ Ծատուրյանի սեփականության իրավունքը։ Վկայականի գրառումներից երևում է, որ Բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացվել է «Տավուշի շրջխորհուրդի գործկոմի 28.02.1987թ. նիստի արձ. թիվ 2 որոշման» հիման վրա։

Հայցվորը պնդել է, որ իրականում իրավունքի պետական գրանցման հիմքում դրվել է Հայկական ՍՍՀ ժողովրդական դեպուտատների Շամշադինի շրջանային սովետի գործկոմի 1987թ. փետրվարի 28-ի նիստի թիվ 2 արձանագրությունը։ Ըստ այդ արձանագրության` գործկոմի նիստը քննարկել է շրջանային մասշտաբի մի քանի հարց. շրջանում անհատական բնակարանային շինարարության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ տարվող աշխատանքների, հարբեցողությունը և ալկոհոլիզմը հաղթահարելու և ինքնօղիթորումը արմատախիլ անելու միջոցառումների, շրջանի տնտեսություններում գյուղատնտեսական մեքենաների ու գործիքների նորոգման ընթացքի և մի շարք այլ հարցեր։

Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Կ.Ղալումյանը պնդեց հայցը և խնդրեց այն բավարարել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայցվորի հանգուցյալ ամուսինը հանդիսացել է պատասխանող Երջանիկ Ծատուրյանի ընտանիքի անդամը, որը բնակելի տան նկատմամբ իր բաժնի չափով սեփականության իրավունք է ունեցել։ Նշեց նաև, որ Երջանիկ Ծատուրյանի սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքում դրված որոշումը վերաբերել է միայն Բերդ ավանին, հետևաբար այն չէր կարող դրվել նաև Արծվաբերդ գյուղի բնակիչների տների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հիմքում։

Դատարանը վճռեց հայցը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց Նաիրա Մարդանյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի` բեկանել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2012 թվականի օգոստոսի 6-ի վճիռը և գործն ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` ողջ ծավալով նոր քննության։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել