Բանկի գլխավոր հաշվապահը կամ նման պարտականություններ իրականացնող անձը իրականացնում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գլխավոր հաշվապահի համար սահմանված իրավունքները և պարտականությունները:
Բանկի գլխավոր հաշվապահը նշանակվում է բանկի խորհրդի կողմից՝ բանկի գործադիր տնօրենի (տնօրինության) ներկայացմամբ:
Բանկի գլխավոր հաշվապահի իրավունքները և պարտականությունները չեն կարող փոխանցվել ընդհանուր ժողովին, խորհրդին, գործադիր մարմնի անդամներին, ներքին աուդիտի ստորաբաժանմանը կամ այլ անձի:
Բանկի գլխավոր հաշվապահն առնվազն եռամսյակը մեկ անգամ բանկի խորհրդին և գործադիր տնօրենին (տնօրինությանն) է ներկայացնում ֆինանսական հաշվետվություն՝ խորհրդի հաստատած ձևով և բովանդակությամբ:
Բանկի գլխավոր հաշվապահը պատասխանատվություն է կրում բանկի հաշվապահական հաշվառման վարման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պետական կառավարման մարմիններին ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև բանկի մասնակիցներին, պարտատերերին և մամուլի ու զանգվածային լրատվության մյուս միջոցներին բանկի մասին տրամադրվող ֆինանսական տեղեկությունների հավաստիության համար՝ օրենքին, այլ իրավական ակտերին և բանկի կանոնադրությանը համապատասխան:
Աղբյուրը` Իրավաբան.net