Գողություն կատարելու համար հարմար բնակարան էր գտել ու պարբերաբար մտել

Արարատի մարզի բնակիչ հացթուխ Կառլեն Նիկոլյանը մեղադրվում է գողություն կատարելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա 4 անգամ մուտք է գործել նույն անձին պատկանող բնակարան և տարբեր տեսակի իրեր գողացել:

Այսպիսով՝ 2012 թվականի սեպտեմբեր ամսին, ալկոհոլի ազդեցության տակ Էդուարդ Դ.-ի բնակարանին կից դալանով ապօրինի մուտք է գործել տան առջևի ծածկապատշգամբ: Այդտեղից գողացել է 10.000 դրամ արժեքով վարդ ծաղիկ, իսկ զրուցարանից 2 հատ բարձրախոս 2000 դրամ արժեքով և վերոհիշյալ գույքն իր մեքենայով տարել է տուն:

Բացի դրանից 2012 թվականի սեպտեմբեր ամսին ստույգ չպարզված օրը, ապօրինի մուտք է գործել կրկին նույն անձին պատկանող տան առջևի ծածկապատշգամբ, որտեղից գողացել է 12.500 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 2 հատ ծանրաձողեր և իր մեքենայով տարել տուն:

Բացի դրանից 2012 թվականի հոկտեմբեր ամսին չպարզված օրը, կրկին ալկոհոլի ազդեցության տակ, ապօրինի մուտք է գործել նույն բնակարանին կից դալան, որտեղից գողացել է 15000 ՀՀ դրամ արժեքով 1 պարկ ալյուր և իր մեքենայով տարել տուն:

Բացի դրանից, Կ.Նիկոլյանը 2012 թվականի դեկտեմբերի 7-ին ալկոհոլի ազդեցության տակ, ապօրինի մուտք է գործել Է.Դիլանյանի բնակարանին կից դալան և գողացել այնտեղ կայանած ավտոմեքենայի 12000 հազար դրամ արժեքով էլ.մարտկոցը, որն իր մեքենայով տարել է տուն:

Մինչեւ դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Կառլեն Նիկոլյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետեւանքները:

Ամբաստանյալին ուղղված հարցերի արդյունքում դատարանը հանգել է այն համոզման, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ եւ 375.2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները ՝ որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:

Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ ամբաստանյալ Կառլեն Նիկոլյանն առաջին անգամ է կատարել միջին ծանրության հանցանք, բնութագրվում է դրական, խնամքի տակ ունի երկու անձ` մինչև երեք տարեկան մեկ երեխա և մինչև երեք տարեկան երեխային խնամող կինը, տուժողի կողմից նրա դեմ բողոք կամ քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացվել:

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Կառլեն Նիկոլյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նշանակել է պատիժ տուգանքի ձևով` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով` 600.000 ՀՀ դրամ:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել