ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Նորայր Դավիդյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես նշվում է.
«Խորը ցավով տեղեկացանք, որ 70 տարեկան հասակում մահացել է այրվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը:
Իմ և առողջապահության նախարարության ողջ անձնակազմի անունից ցավակցում եմ մեծանուն ու վաստակաշատ բժշկի հարազատներին և մերձավորներին»:
Կենսագրական տվյալներ
1966-1972 թվականներին Նորայր Դավիդյանը սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, 1972-1973 թթ.՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտի ինտերնատուրայում։
1976-1980 թվականներին այրվածքային վիրաբուժության գծով վերապատրաստվել է Մոսկվայի Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտում։ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ներկայացրած ծրագրի «A-948» գիտական թեմայի ղեկավար-մենեջեր:
1973-1995 թվականներին եղել է Երևանի թիվ 6 կլինիկական հիվանդանոցի այրվածքային բաժանմունքի վիրաբույժ։
1982 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ այրվածքային վիրաբուժության գծով:
1985-1991 թվականներին աշխատել է Մանկական այրվածքաբանության բաժանմունքի վարիչ:
1991-1995 թվականներին ղեկավարել է Այրվածքների կենտրոնը:
1995-2003 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքային գիտական կենտրոնի ղեկավար։
1996 թվականին այրվածքային վիրաբուժության գծով վերապատրաստվել է Նյու Յորքի Կոռնելի անվան համալսարանում։ 1996 թվականին ղեկավարել է ՀՀ ԳԱԱ
«Ծանր այրվածքների բուժումը» գիտական թեման։
2003 -2007 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարար։
Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է մի շարք պարգևների և մրցանակների: