25 հազար դրամ տուգանքը համաչափ չէ փաստացի կատարված արարքի հանրային վնասակարության աստիճանին․ նոր փոփոխություններ՝ վարորդների համար

Օգոստոսի 27-ին կառավարությունը կքննարկի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նշվում է, որ օրենքով տուգանային միավորների կիրառման համակարգին զուգընթաց առավել մեծ հանրային վնասակարարություն ունեցող իրավախախտումների համար «տուգանք» տույժի տեսակը փոխարինվել է «տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում» տույժի տեսակով, իսկ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսվել է քրեական պատասխանատվություն:

Արդյունքում, բաց են մնացել այն իրավիճակները, երբ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում նախատեսող իրավախախտումն առաջին անգամ կատարվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից, քանի որ այդ դեպքում պատասխանատվություն է կիրառվում միայն տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար, ինչի համար կիրառվող քսանհինգ հազար դրամ տուգանքը համաչափ չէ փաստացի կատարված արարքի հանրային վնասակարության աստիճանին։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով (ՀՕ-91-Ն) պատասխանատվություն է նախատեսվել զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելու համար։ Այս կարգավորումից հետո, վարորդների մի որոշ հատված, հստակ գիտակցելով, որ ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերի կողմից կայացվող որոշումներով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի (ՀՕ-300-Ն) 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով չի կիրառվելու տուգանային միավոր, այլ՝ առավել վնասկար բնույթ պարունակող (սահմանաված առավելագույն արագության գերազանցում) իրավախախտումներ կատարելու համար պատասխանատվությունից խուսափելու համար, այդ թվում՝ երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ արտոնյալ դիրքն ընդգծելու նպատակով, երթևեկում են մեկ համարնիշով (հիմնականում հետևի)՝ չվախենալով ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերի կողմից Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված պատասխանատվությունից։ Ավելին, սանկցիան չի նպաստում հետապնդվող վարչական տույժի նպատակի իրագործմանը, քանի որ վարորդների հիմնական մասը պատասխանատվության ենթարկվելուց հետո շարունակում է դրսևորել նույն հակաիրավական վարքագիծը։

Օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն թույլատրվում է բռնագրավման պահանջով դիմել դատարան վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան առգավելուց հետո 15-օրյա ժամկետում, սակայն անհրաժեշտ է նկատել, որ այդ դեպքում վարչական տույժի ենթարկված անձը դեռ կարող է բողոքարկել վարչական ակտը (այդ թվում՝ վերադասության կարգով գանգատարկելուց հետո նաև դատական կարգով), որն էլ իր հերթին կարող է անվավեր ճանաչվել և կստացվի, որ պետության կողմից բռնագանձման պահանջով դատարան դիմելու համար և հետագայում նաև գործի քննության հետ կապված վճարված պետական տուրքի և այլ դատական ծախսերը կլինեն ապարդյուն (պետությունն անհարկի վնաս կկրի), ավելին, ապարդյուն կլինեն նաև պետական մարմնի աշխատակիցների այդ գործընթացի վրա վատնած ժամանակը (ռեսուրսները)։

Հաշվի առնելով, որ Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից արձանագրվող իրավախախտումների վերաբերյալ գործերով տուգանային միավորների կիրառումն ուղղակիորեն կապված է պարեկային ավտոմոբիլներում էլեկտրոնային եղանակով արձանագրություններ կազմելու և որոշումներ կայացնելու տեխնիկական միջոցների առկայության հետ, որոնք իրենց հերթին պետք է ապահովված լինեն խախտումների հաշվառման շտեմարանի հետ առցանց կապով, անհրաժեշտություն է առաջացել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2019թ. դեկտեմբերի 9-ի ՀՕ-300-Ն օրենքով նախատեսված ժամկետը երկարաձգել մինչև Պարեկային ծառայության ամբողջական ներդրումը, որը ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 638-Լ որոշմամբ հաստատված ծրագրի 5-րդ կետի համաձայն նախատեսվում է ավարտել մինչև 2022 թվականի 1-ին կիսամյակի ավարտը։ Հաշվի առնելով, որ գործող օրենքի անցումային դրույթը նախատեսում է ոստիկանության ծառայողների կողմից տուգանային միավորների կիրառումը սկսել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից, հետևաբար սույն նախագծի ընդունումն ավելի քան հրատապ է:

Նախագծով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.1-րդ (Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների կամ պայմանների առկայությամբ տրանսպորտային միջոցները վարելը), 123.5-րդ (Ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը), 124-րդ (վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը) և 124.4-րդ (հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջելը) հոդվածների համապատասխան մասերի սակցիաներում լրացնել նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքները կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու մասին պահանջ, այսինքն՝ այն խախտումների համար, որոնք որպես վարչական տույժ առաջ են բերում վարելու իրավունքից զրկում, դրանց կատարման դեպքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձը կկրի տուգանքի ձևով վարչական պատասխանատվություն։

Նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք կզսպեն զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելու վարորդների գայթակղությունը՝ երաշխավորելով վարչական տույժի նպատակի իրագործումը։

Մասնավորապես, նախագծով ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը կրկին կատարելու համար՝ սահմանվել է առավել խիստ պատասխանատվության միջոց՝ վարելու իրավունքից զրկման ձևով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել