Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ օգոստոսի 26-ին, պայթյուն է եղել Քանաքեռ-Զեյթյուն վարչական շրջանում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։ Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։