ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ հայտնի դարձավ, որ կառավարությունը որոշել է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրել Էդգար Շաթիրյանին: Ինչ մասնագիտական ու քաղաքացիական դիրքորոշում է ցուցաբերել Շաթրիյանը իր զբաղեցրած նախկին պաշտոններում։ Եթե կարճ պատասխանենք՝ ոչ մի դիրքորոշում էլ չի ցուցաբերել։ Համոզվելու համար կարող եք ուսումնասիրել էթիկայի հանձնաժողովի 2018 թ․ զեկույցը՝ հույսով, որ այնտեղ կգտնենք որևէ մտահագություն, որն արտահայտել է հանձնաժողովի անդամ Շաթիրյանը, օրինակ, դատավորների վերաբերյալ։
Շաթիրյանը միանգամայն հաշտ ու հանդուրժող է եղել կոռուպցիայի խայտառակ ծավալների վերաբերյալ, որ առկա էր Հայաստանում, նա ինքը մեծ հաշվով եղել է այդ նույն կոռուպցիոն համակարգի հոգեզավակը՝ եթե հաշվի առնենք, թե ում (Գագիկ Հարությունյան) կողմից է առաջադրվել այդ պաշտոնում։
Եվ այս համատեքստում, մեղմ ասած, անհասկանալի է, թե հատկապես որ արժանիքների համար է իշխանության ընտրությունը կանգ առել Շաթիրյանի թեկնածության վրա։ Եթե որպես ելակետ դիտարկենք այն իրողությունը, որ Էթիկայի հանձնաժողովը և մասնավորապես Էդգար Շաթիրյանը արդյունավետ են գործել, եղել են անկախ և անկողմնակալ, ապա ստացվում է, որ համակարգի և մասնավորապես դատական համակարգում կոռուպցիայի վերաբերյալ մեր և այսօրվա քաղաքական իշխանության պատկերացումները (ինչպես նաև ՄԻՊ 2013թ․ արտահերթ զեկույցը) թյուր են և չեն համապատասխանում իրականությանը։
Մյուս կողմից, կոռուպցիայի ծավալների և դրա քայքայիչ ազդեցության վերաբերյալ համոզմունքն է նաև հանդիսացել ինչպես 2018թ․ համաժողովրդական շարժման և հեղափոխության, այնպես էլ դրանից հետո կառավարության, վարչապետի և ԱԺ գործունեության կարևոր բաղադրիչը։
Եվ այս ամենի հանրագումարում պարզ հարց է առաջանում՝ ինչի՞ հիման վրա է իշխանությունը ցանկանում ՍԴ դատավորի պաշտոնում տեսնել մեկին, ով բացարձակ հանդուրժող էր կառուպցիայի նկատմամբ և անընդունելի համարեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների անվստահության և շարքային անդամի կարգավիճակում գործունեությունն ու հեռացավ։
Ու ի լրումն այս ամենի՝ այսօր Շաթիրյանը հայտարարում, ոչ թե հայտարարում, այլ ասես որպես լավություն է ներկայացնում, որ կարող է թողնել բարձր աշխատավարձով աշխատանքը ու դառնալ ՍԴ դատավոր»,-նշել էնա։