Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտը կհամապատասխանեցվի այն գործիքակազմին, որը ներդրվել և կիրառվում է արդեն 2014 թվականին: Կսահմանվի ՔԿԱԳ ոլորտի ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակ, որի շրջանակներում կխնայվի դիմողների ժամանակը և տեղաշարժի հետ կապված ծախսերը: Համակարգային փոփոխության արդյունքում ձևավորելով երկաստիճան՝ քաղաքացիների սպասարկման և որոշումների կայացման տարանջատված մարմինների համակարգը, կնվազեցվի ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը: Առաջին անգամ հնարավորություն կընձեռվի վարչական վարույթի շրջանակներում անվավեր ճանաչել այն քաղաքացիական կացության ակտերը, որոնք գրանցվել են օրենքի խախտմամբ:
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով նախատեսվում է․
- Օրենքով սահմանվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ, որտեղ գրանցում կատարող և դիմում ընդունող ստորաբաժանումները աշխատելու են նոր front և back օֆիս ձևաչափով: Մասնավորապես, դիմումները կընդունվեն Գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի, համայնքային ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների, միասնական գրասենյակների, ինչպես նաև լիազոր օպերատորների և օրենքով սահմանված կարգով ստեղծված սպասարկման կենտրոնների կողմից, իսկ օտարերկրյա պետություններում՝ հյուպատոսական հիմնարկները, իսկ գրանցում կամ օրենքով սահմանված այլ գործառույթները կկատարվի գործակալության կողմից: Այսինքն, առաջարկվող փոփոխության պարագայում տարածքային մարմինները շարունակելու են գործել համայնքային ենթակալության ներքո՝ front օֆիսի ձևաչափով:
- «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով սահմանվում է էլեկտրոնային դիմումներ ընդունելու և դրանց հիման վրա գրանցումներ կամ դրանցից բխող այլ գործառույթներ կատարելու վերաբերյալ դրույթները.
- Օրենքով սահմանվել է, որ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման և դրանից բխող այլ գործառույթները իրականացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով. Մասնավորապես սահմանվել է, որ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման կամ սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ կատարելու նպատակով դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով.
- Հանվել է օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթերի նոտարական կարգով հաստատված թարգմանությունների ներկայացումը, դրանք արդարադատության նախարարության կողմից վավեր որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ.
- Սահմանվել են ՔԿԱԳ ոլորտում մի շարք սկզբունքներ, մասնավորապես` ներկայացված տեղեկատվության արժանահավատության կանխավարկածը, էլեկտրոնային գրանցամատյանում առկա տեղեկատվության գաղտնիությունը, հստակեցվել է Գործակալության պետի և գրանցումը կատարողի պատասխանատվության սկզբունքը.
- Օրենքով հստակեցվել է ՔԿԱԳ մարմինների և այլ գերատեսչությունների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կանոնակարգումը, տեղեկատվության տրամադրման սահմանները:
- Հանվել է Արդարադատության նախարարության՝ օտարերկրյա քաղաքացիների ամուսնության պետական գրանցման համար թույլտվություն տալու վերաբերյալ կարգավորումը:
- Փոխվել է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը, այն վերանվանվել է Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին տեղեկանք, որի տրման կարգը և ժամկետները սահմանելու է Արդարադատության նախարարը.
- Կրճատվել է ամուսնության գրանցումների ժամկետները: Ներկայումս գրանցումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամսյա ժամկետում, նախագծով սահմանվել է հետևյալը. «Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը և ոչ ուշ, քան վեց ամիսը».
- Կրճատվել է ամուսնալուծության գրանցումների ժամկետները՝ ներկայումս գրանցումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո ՝ 1 ամսից մինչև 3 ամսյա ժամկետում, նախագծով սահմանվել է հետևյալը. «Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելուց մեկ ամիս և ոչ ուշ քան վեց ամիս հետո:».
- Ամուսիններից մեկիդիմումի հիման վրա՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, ամուսնալուծության պետական գրանցման ժամկետը սահմանվել է նույն աշխատանքային օրը.
- Հայրության որոշման պետական գրանցման ինստիտուտում սահմանվել է «կենսաբանական հայր» գաղափարը.
- Կրճատվում են քաղաքացիական կացության ակտերում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու, քաղաքացիական կացության ակտերը վերականգնելու կամ անվան փոխում գրանցելու համար սահմանված 2 ամսյա ժամկետները՝ այն սահմանելով 15-օրյա ժամկետ:
- Հստակեցվել են անվան փոխման գրանցման ընթացակարգը, հանվել են անվան փոխման համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հիմքերը: Տուրքը սահմանվել է՝ 50.000 դրամ.
- Օրենքով սահմանվել ՔԿԱԳ մարմինի իրավասությունը վարչական վարույթի շրջանակներում անվավեր ճանաչելու նախկինում գրանցված քաղաքացիական կացության ակտային գրանցումները:
- Սահմանվել է էլեկտրոնային արխիվի ձևավորման ընթացակարգը, որը կնվազեցնի վարչական ծախսերը ուղղված թղթային արխիվի ձևավորմանը: Կրճատվել է պահպանման ժամկետը 100 տարուց մինչև 30 տարի:
- ՀՀ Ընտանեկան օրենսգրքում կատարվել են լրացումներ կապված օտարերկրյա որդեգրումների գործընթացների հետ.
- Մշակվում է Կառավարության նոր որոշման նախագիծ, որով քաղաքացիական կացության ակտերի գրանցումներից բխող այլ ծառայությունների դիմաց կսահմանվեն վճարները, հաշվի առնելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված լիազորող նորմը:
- Ոլորտային ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը փոխանցվել է ՀՀ կառավարությունից Արդարադատության նախարարին:
- Շրջանառության մեջ է գտնվում «Ապոստիլի մասին» օրենքի նախագիծը, որի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը կտրամադրի նաև էլեկտրոնային ապոստիլ:
- «Պետական տուրքի մասին» օրենքի նախագծով՝
- հստակեցվել են այն գործառույթները որի համար կարող է գանձվել պետական տուրք.
- հանվել է ամուսնության պետական գրանցման համար նախատեսված տուրքը
- հանվել է քաղաքացիական կացության ակտերի մասին տեղեկանքներ տրամադրելու համար տուրքերը
- բարձրացվել է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար՝ 200.000 դրամի չափով, նախկին 30.000 դրամի փոխարեն
- քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու համար, ներառյալ` վկայականներ տալու պետական տուրք է սահմանվել՝ 5.000 դրամը` նախկին 3.000 դրամի փոխարեն.
- բարձրացվել է ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրման տուրքը՝ այն սահմանելով 10.000 դրամ` նախկին 1.000 դրամի փոխարեն.
- բարձրացվել է ապոստիլի համար գանձվող տուրքը՝ այն սահմանելով 10.000 դրամ` նախկին 5.000 դրամի փոխարեն.
- բարձացվել է հայրության որոշման պետական գրանցման համար պետական տուրքը այն սահմանելով 10.000 դրամ` նախկին 1.000 դրամի փոխարեն
- միաժամանակ հայրության որոշման պետական գրանցման տուրքի գծով արտոնություն է սահմանվել ծնողների համար, ովքեր նույն օրը գրանցում են նաև ամուսնությունը.
- պետական տուրքի գծով արտոնություն են ստացել կենսաթոշակառուները: