ՌԴ մեկնելու պատճառով՝ դուրս են մնացել Լեռնանցքի բնակարանի կարիքավորների հերթացուցակից

Սերվենիկ Սամվելյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, ընդդեմ` ՀՀ Լոռու մարզի Լեռնանցքի գյուղապետարանի` խնդրելով պարտավորեցնել պատասխանողին` իրեն և իր ընտանիքի անդամներին վերականգնելու Լոռու մարզի Լեռնանցք գյուղում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող անձանց հաշվառման ցուցակում:

Հայցվորը ներկայացրած հայցադիմումով դատարանին հայտնել է, որ իր ընտանիքով մշտապես բնակվել է Լոռու մարզի Լեռնանցք գյուղում, ունեցել է բնակելի տուն, որը 07.12.1988թ. երկրաշարժից հետո փլվել է: Ընտանիքը բաղկացած է 6 անձից` ինքը, ամուսինը, 4 երեխաները, իր ընտանիքով` 1988թ. երկրաշարժից հետո բնակվում են ժամանակավոր տնակում, բնակության այլ տեղ չունեն, բնակելի տուն կամ բնակարան չունեն:Որպես երկրաշարժից անօթևան մնացած ընտանիք, ընդգրկվել են բնակարանների կարիքավորների ցուցակում` 143-րդ համարի տակ:

Պատասխանողը բնակարանի կարիքավորների հերթացուցակից իրենց հանել է և այդ մասին տեղյակ չի պահել, այդ որոշման մասին ինքն իմացել է` 30.11.2010թ. պատասխանողի կողմից տրված գրությունից: Իրենց հերթացուցակից հանելու մասին պատճառաբանությունը կայացել է նրանում, որ իբրև ինքն իր ընտանիքով գտնվել է ՌԴ-ում, ՀՀ կառավարության` 13.11.2008թ. N 1337-Ն որոշմամբ սահմանված կարգով չեն ներկայացրել համապատասխան դիմում և փաստաթղթեր:

Դատարանը գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, եկավ այն եզրահանգման, որ հայցը հիմնավոր չէ և ենթակա է մերժման, հետևյալ պատճառաբանությամբ: ՀՀ կառավարության` 13.11.2008թ. թիվ 1337-Ն որոշմամբ հաստատվել է` «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անoթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը»: Կարգի 22-րդ կետի համաձայն` բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները ենթակա են հաստատման համայնքի ղեկավարի կողմից` մինչև` 15.12.2008թ.-ը: Վերը նշված իրավանորմերից հետևում է, որ աղետի գոտու գյուղական բնակավայրերում պետական աջակցության միջոցով իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող ընտանիքների հերթացուցակում, համայնքի ղեկավարի որոշմամբ կարող էին հաշվառվել` ՀՀ քաղաքացիություն ունեցող և տվյալ բնակավայրում մշտական բնակություն հաuտատած այն անձինք ու նրանց ընտանիքի անդամները, որոնց բնակելի տները երկրաշարժի հետևանքով քանդվել կամ ենթակա են քանդման: Բացի այդ, նշված անձինք պետք է համայնքի ղեկավարին մինչև` 15.12.2008թ.-ը ներկայացրած լինեին դիմում և Կարգով սահմանված փաստաթղթեր:

Դատարանի պարզաբանմամբ՝ Հայցվորը և նրա ընտանիքի անդամները մինչև` 15.12.2008թ. մշտապես չեն բնակվել Լոռու մարզի Լեռնանցք գյուղում և դիմում չեն ներկայացրել համայնքի ղեկավարին` համայնքի պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում հաշվառելու մասին:

Ուստի դատարանը վճռեց Սերվենիկ Սամվելյանի հայցը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց Հայցվորի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժել և վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել