Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանի անունից դիմում էր պատրաստել

Այսօր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ի նիստի ժամանակ փորձեց խոսափողից ընթերցել իր կողմից պատրաստված դիմումը: Նա այդ դիմումը պատրաստել էր Սերժ Սարգսյանի անունից: Ըստ պատգամավորի` իր պատրաստած դիմումը Սերժ Սարգսյանը պետք է ուղարկի Րաֆֆի Հովհաննիսյանին: ԱԺ-ում բազմիցս անջատեցին Զարուհի Փոստանջյանի խոսափողը, բայց, չնայած դրան, նա ընթերցեց:

Ստորև ներկայացնում ենք այդ նամակն ամբողջությամբ.

«Սիրելի´ Րաֆֆի,

Փետրվարի 18-ից հետո ես փնտրում եմ, թե որն է ճիշտ և սխալ որոշումը քաղաքականության մեջ և առօրյա կյանքում:

Կա հին Սոկրատյան սկզբունք՝ «Ավելի լավ է անարդարություն կրել, քան գործել անարդարացիորեն»:

Ես հասկացել եմ՝ մենք պարտվել ենք, երբ բարոյականությունն ու քաղաքականությունն իրար նկատմամբ դրել ենք հակադրության մեջ:

Իրականում ես բարու եւ չարի մասին մտածում եմ ինքս իմ մեջ, իսկ քաղաքական դաշտում գործում եմ այլոց հետ միասին, որը հիմնականում համերաշխ չէ բարոյականության հետ:

Ես հասկանում եմ, որ սխալվել եմ քաղաքական լուրջ հայտ ներկայացնելու համար՝ անտեսելով անհրաժեշտ համերաշխության սկզբունքի հարգումը:

Ամեն օր հետևում եմ Ազատության հրապարակին, տեսնում եմ ինչպես ես կրում անարդարությունը:

Տեսնում և զգում եմ, որ դու երջանիկ ես, քեզ սիրում են և դու էլ ես սիրում:

Տեսնում եմ՝ ինչպես բարոյականությունը հաղթեց հաշվարկված քաղաքականությանը:

Տեսնում եմ՝ ինչպես լինելով մենակ, ապացուցեցիր, որ միասնական ես և հավաքական:

Սերելի´ Րաֆֆի, ընդունում եմ քո հաղթանակը, մեր հավաքական և միասնական հաղթանակը:

Ընդունում եմ Ազատության հրապարակի ոգին և օրակարգը:

Անկեղծ և անկաշկանդ հայտնում եմ՝ ես այլևս չեմ ցանկանում լինել «փոքր մարդ», արգելափակված մութ զննդանում, ես չեմ ցանկանում խուսափել պատասխանատվությունից:

Ապրիլի 9-ին Ազատության և Հանրապետության հրապարակներում պատրաստ եմ մասնակցել Նոր Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդումնակալության արարողությանը: Որից հետո նրանից հայցում եմ՝ ներում շնորհել ինձ և բոլորիս»:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել