Վիճարկում են 20 տարվա վաղեմության ժառանգության վկայագիրը

Ալբերտ Գրիգորյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Գեղամավանի գյուղապետարանի, երրորդ անձինք Հրազդանի նոտարական տարածքի նոտար Ա. Հովհաննիսյանի, Լենդրուշ Քոչարյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման՝ 1989թ. դեկտեմբերի 5-ի ժառանգության իրավունքի վկայագիրը 1.200 քմ հողամասի մասով, ինչպես նաև Գեղամավանի համայնքի կողմից տրված 2001թ. մայիսի 2-ի քաղվածքը անվավեր ճանաչելու պահանջների մասին։

Հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել Հրազդանի պետական նոտարական գրասենյակի նոտար Ա.Հովհաննիսյանի կողմից տրված 1989թ. դեկտեմբերի 5-ի թիվ 1571 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը: Վկայագրով հաստատվել է, որ 1957թ. մահացած Հովակիմ Կարապետի Քոչարյանից հետո նրա գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում նրա որդին՝ Պատվական Հովակիմի Քոչարյանը, որը բնակվում է Սևանի շրջանի Գեղամավան գյուղում։ Ըստ Վկայագրի՝ ժառանգական գույքը բաղկացած է Սևանի շրջանի Գեղամավան գյուղում գտնվող 1.3000 քառակուսի մետր հողամասի վրա գտնվող բնակելի տնատիրությունից՝ 61.8 քառակուսի մետր օգտակար տնատիրությամբ, որից 46.6 քառակուսի մետրը՝ բնակելի։ Նշված է, որ տնատիրությունը հանգուցյալին է պատկանում Կամոյի ՏԳՄԲ-ի կողմից տրված 1989թ. դեկտեմբերի 5-ի տեղեկանքի և 1986թ. հոկտեմբերի 12-ի թիվ 108 գրանցման վկայագրի հիման վրա։

Հայցվորը դեռևս 1993 թվականին դիմել է դատարան և պահանջել անվավեր ճանաչել Վկայագիրը։ Կոտայքի շրջանային ժողդատարանը 1993թ. հունիսի 1-ի վճռով հայցը բավարարել է և անվավեր է ճանաչել Վկայագիրը։ Հավանաբար այդ վճիռը բեկանված է եղել, քանի որ Կոտայքի շրջանային ժողդատարանը 1994թ. փետրվարի 8-ին նորից է վճիռ կայացրել և կրկին հայցը բավարարելով՝ անվավեր է ճանաչել Վկայագիրը։

Ըստ վերոնշյալ դատական ակտերի, Վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջը ներկայացրել է սույն գործով հայցվոր Ալբերտ Տիգրանի Գրիգորյանը։ Որպես պատասխանողներ հանդես են եկել Հրազդանի պետական նոտարը, Կամոյի միջշրջանային գույքագրման բյուրոն և Պատավական Հովակիմի Քոչարյանը, որը ներայումս հանգուցյալ է։
Իսկ սույն վարչական գործով որպես պատասխանող ներգրավված է Գեղամավանի գյուղապետարանը, իսկ որպես երրորդ անձինք՝ Հրազդանի տարածքի նոտարը, Լենդրուշ Քոչարյանը և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումը, որը Կամոյի միջշրջանային գույքագրման բյուրոյի իրավահաջորդը չէ։ Այսինքն՝ սույն գործով դատավարության մասնակիցները բոլորը չէ, որ նույնն են, ինչ եղել են Ալբերտ Գրիգորյանի հայցով 1993-1995թ.թ. ընթացքում քննվող գործով։ Հետևաբար, դատարանի կարծիքով, բացակայում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիմքը՝ սույն գործի վարույթը կարճելու համար։

Դատարանը վճռեց հայցը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը ևս որոշեց հայցվերի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժել և վճիռը թողնել անփոփոխ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել