Կորպորատիվ շահը որպես հանրային շահ ներկայացնելու Աշոտ Բլեյանի ձգտումը խնդրահարույց է. Տիգրան Վիրաբյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն տիար Աշոտ Բլեյանի հախուռն վարքը կարող է օրինակելի լինել՝ առնվազն սեփական կամ կորպորատիվ շահը պաշտպանելու հարցում: Խնդրահարույցը կորպորատիվ շահը որպես հանրային շահ ներկայացնելու նրա ձգտումն է:

Նման գրառում է Ֆեյսբուքի իր էջում արել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Գրառման մեջ ասված է հետևյալը.

«Ինչպես գիտենք, Սեբաստացի կրթահամալիրի վճարովի մանկապարտեզի հարեւանությամբ երկու համայնքային անվճար մանկապարտեզներ կան, որոնցից մեկը այս պահին հիմնովին վերանորոգվում է՝ իր ստեղծման օրվանից ի վեր առաջին անգամ, իսկ մյուսի վերանորոգումը կմեկնարկի հաջորդ տարի (ի դեպ, տիար Բլեյանը վերջերս առաջարկում էր մեզ այս երկու համայնքային մանկապարտեզները հանձնել իր կառավարմանը):

Հայտնի է նաեւ, որ գոյություն ունի ենթաօրենսդրական ակտ, որը պարտավորեցնում է համայնքային իշխանությանը՝ երեխաների անվտանգության նկատառումով ցանկապատել նախակրթական հաստատության տարածքը, ինչը եւ արվում է խնդրո առարկա տարածքում:

Անցած դեկտեմբերին անձամբ, Երեւանի ավագանու անդամների մասնակցությամբ, տիար Բլեյանի հետ քննարկել ենք թիվ 93 մանկապարտեզի ցանկապատի հարցը՝ գալով համաձայնության, որ ցանկապատը պետք է լինի՝ «սեբաստացիների» հետ համաձայնեցրած ուրվագծով, եւ պետք է լինի տարածքի ընդհանրականությունն ապահովող անցում:

Մեր կողմից հաստատում ենք, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է: Անշուշտ, «Սեբաստացի»-ն մեր քաղաքի կարեւոր կրթական հաստատություններից է: Միեւնույն ժամանակ, պնդում ենք, որ ո՛չ բարձրագոչ հայտարարությունները, ո՛չ երկիմաստ ու ժողովրդավարության ջատագովին պատիվ չբերող «փաստարկները»՝ կրթահամալիրում սովորող երեխաների ծնողների անվան հիշատակմամբ, չեն կարող չեղարկել նորմատիվ իրավական ակտերով սահմանված անվտանգության չափորոշիչները:

Երեւանի բոլոր երեխաները հավասար չափով համայնքի հոգածության ներքո են՝ անկախ նրանից՝ հաճախում են համայնքային ենթակայության մանկապարտեզներ, թե այլ հաստատություններ: Նրանցից յուրաքանչյուրի եւ բոլորի, ոչ թե առանձին խմբի շահն է սպասարկում Երեւանի քաղաքային իշխանությունը»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ոստիկանությունը բերման էր ենթարկել Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին եւ քանդակագործ, կրթահամալիրի ուսուցիչ Վիգեն Ավետիսին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։

Նշենք, որ մեջբերված հոդվածը վերաբերում է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել