Վարչապետի կոչով 1 օրում բազմաթիվ հայրենակիցներ իրենց ներդրումն ունեցան հայոց բանակի մեջ, այդ փողը բանակին կհասնի մոտ 30 տարուց․ Վահան Քերոբյան

Menu Group-ի հիմնադիր Վահան Քերոբյանը ֆեյբուքյան իր էջում գրում է․

«Վարչապետի կոչով վերջին 24 ժամում մեր բազմաթիվ (մոտ 1700) հայրենակիցներ իրենց փոքրիկ (ընդհանուր` մոտ 65 մլն դրամ) և կարևոր ներդրումն ունեցան հայոց բանակի մեջ` վճարելով որոշ գումար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Իրականում սակայն այդ փողը բանակին կհասնի մոտ 30 տարուց, եթե ընդհանրապես հասնի։

Ի՞նչու։ Որովհետև այդ հիմնադրամը վերջին 30 ամսում ստացել է մոտ 25 մլրդ ներդրում Հայաստանի հասարակ քաղաքացիների կողմից` ամենամսյա 1000դրամ պարտադիր վճարների տեսքով: Այս 30 ամսվա ընթացքում նվիրատվությունները կազմում են 385 մլն դրամ, ընդհանուր գումարի 1.5%, և հիմնադրամի անցած տարվա ստացած տոկոսային եկամտի մոտ 1/4-ը։ Սրա մասին ես, համեստ մաթեմատիկոսս, ասել եմ դեռևս հիմնադրամի ստեղծումից առաջ:

Ի՞նչ է արվել բանակի համար նախատեսված և կապիտալի խիստ անհրաժեշտություն զգացող տնտեսությունից հանված այդ գումարը, մոտ 50մլն դոլար։ Թափանցիկությամբ «պարծեցող» ֆոնդի վերջին եռամսյակային հաշվետվությունը կայքում երկու տարվա հնություն ունի, կա թարմ «տնօրենի հաշվետվություն», որտեղից բացակայում են կարևոր տվյալներ, օրինակ, ակտիվների կառուցվածքը և ֆինանսական հաշվետվությունները, որպեսզի այն բավարար չափով թափանցիկ դարձներ ֆոնդը։ Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում այն թափանցիկ համարելը ծիծաղելի կլինի։ Այնուամենայնիվ, կարելի է պարզել, որ հավաքված գումարների չնչին մասը, 10%-ից էլ փոքր գումարը, տրվել և տրվում է այժմ արդեն կարծեմ 1998 թվականից հետո զոհված կամ վիրավորված ազատամարտիկների ընտանիքներին։ Մոտ 2մլրդ, կամ տարեկան 700մլն, կրկնակի ավելի քիչ, քան ֆոնդի նախորդ տարվա տարեկան տոկոսային եկամուտը։ Այս գումարը կարող էր հանգիստ և աննշան «տեղավորվել» մեր սոցիալական ապահովագրության ծրագրերի մեջ և դրա համար կպահանջվեր մոտ 0,1 միջին որակավորմամբ աշխատակից։ Այս պարագայում ուղղակի զավեշտալի է, որ զոհված զինծառայողների ամուսինների և երեխաների բարձրագույն կրթության հարցը լուծում է ոչ թե փողի մեջ ծփացող այս հիմնադրամն, այլ պետական բյուջեն, որի մասին օրենքը երկու շաբաթ առաջ ընդունեց ԱԺ։

Այն, որ սա սխալ հաշվարկված, տնտեսությունից հերթական անգամ գումար հանող հիմնադրամն է, որի մասին մենք շատ քիչ բան գիտենք, պարզ է։ Այդպիսին է նաև կենսաթոշակային հիմնադրամները, որոնց ստեղծման ժամանակ ռեֆորմի հեղինակները մեզ խոստանում էին «երկար փողեր տնտեսության համար», և որոնք այժմ իրենց ներդրումների 99%ից ավելին կատարել են արտերկրում, պետական պարտատոմսերում կամ ֆինանսական սեկտորում։ Այստեղ մենք արդեն լցրել ենք մոտ 1մլրդ դոլար գումար և ավելի շատ ենք լցնելու այս հուլիսից։ Թափանցիկությամբ չփայլող մեկ այլ ֆոնդում, ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամում, մենք վերջին 17 տարում հավաքել ենք նույն կարգի գումար ևս, որը նորից «լցվում է տնտեսություն» պետական պարտատոմսերի և բանկային դեպոզիտների տեսքով։ Այս ֆոնդը դեռ որևէ հատուցում չի արել, պատկերացնո՞ւմ եք։ Երկրում, որտեղ իսպառ բացակայում է ծրագրային ֆինանսավորումը, երբ ֆինանսական միջոցների անմատչելիությունը անհիշելի ժամանակներից մինչև այսօր մնում է բիզնես անելու ամենամեծ խոչընդոտը, երբ երիտասարդ ստարտափիստը պիտի իր կաշվից դուրս գա, որպեսզի 100հզ դոլար ներդրում ճարի, ռեսուրսների նման անիմաստ կոնսոլիդացիան ուղղակի դանակահարում է տնտեսությանը։

Որպեսզի մեր բանակը լինի ուժեղ, ասենք, Իսրայելի կամ Շվեյցարիայի պես, որպեսզի մենք ինքնուրույն կարողանանք պաշտպանել մեզ, անհրաժեշտ է տնտեսության մեջ առաջիկա 10 տարում ներգրավել 100մլրդ դոլար գումար (ոչ պակաս), ստեղծել բարձր տեխնոլոգիական աշխատատեղեր բոլոր բնագավառներում, այնտեղ ներգրավելով նաև ներգաղթել ցանկացող մեր լավագույն հայրենակիցներին, դառնալ արարելու համար լավ երկիր նաև ոչ հայ տաղանդների համար ևս, զարկ տալ կրթությանն ու գիտությանը, զարգացնել ենթակառուցվածքները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել