Ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել քաղաքացու գլխին և մարմնի տարբեր մասերին․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են առևտրի կենտրոնում Երևանի բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Երևանի 29-ամյա բնակիչը, մի խումբ անձանց հետ, Երևանի առևտրի կենտրոններից մեկում գործող խանութ սրահի դիմաց վիճաբանել է Երևանի մեկ այլ բնակչի հետ, որից հետո վիճաբանությունը շարունակվել է նույն առևտրի կենտրոնում գտնվող առանձին սենյակում: Վիճաբանության ընթացքում, քաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու միասնական դիտավորությամբ, վերջիններս ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Երևանի բնակչի գլխին և մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Երևանի 29-ամյա բնակչի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, իսկ վերջինիս հետ ենթադրյալ հանցագործությունը կատարած մյուս անձանց վերաբերյալ մասն անջատվել է, առանձնացվել առանձին վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել