Ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը. Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների հայտարարությունը

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների համատեղ հայտարարությունը․

«Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են տարածել Հայ֊ադրբեջանական սահմանին Ադրբեջանական զինուժի սադրանքի հետևանքով առաջացած լարվածության վերաբերյալ

Ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը.

Մենք՝ խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող ֆրանսիացի խորհրդարանականներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված թշնամական գործողությունների կապակցությամբ։ Երկու երկրների հյուսիսային սահմաններին հուլիսի 13-ից սկսված փոխադարձ հրետակոծություններն արդեն արժեցել են մեկ տասնակ մահեր, ինչն արդեն-իսկ չափազանց շատ է։

Սոսկ դատապարտել այս բախումները՝ առանց մեղադրելու դրանց պատասխանատուներին, կնշանակի չասել ոչինչ։

Մենք բոլորս գիտենք, որ բախումների վերսկսումն ուղղակի հետևանք է Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևի ցանկացած և վարվող լարվածության սրման ռազմավարության։

Պատերազմը հարմար սողանցք, խուսափելու միջոց է նրա համար, ով ցանկանում է շեղել իր ժողովրդի ուշադրությունն այն ստորացումներից, որոնք հենց ինքը է պարտադրել․ հիմնարար ազատությունների զրկում, կաշառակերություն, հովանավորչություն և թալան։

Տարիներ ի վեր, բացահայտորեն առաջ մղելով հայատյաց դաստիարակությունը, ներկայումս, Ադրբեջանի նախագահի համար շատ հարմար է ուղղորդելու իր ժողովրդի հիասթափությունները՝ ահագնացած նաև նավթի գնանկումով, դեպի ժառանգական թշնամի նշանակված հարևան ժողովուրդը։

Այս առումով, իրավիճակն էլ ավելի է բարդացել թավշյա հեղափոխությունից հետո, երբ Հայաստանն իր տնտեսական առաջընթացի համար հիմնվում է իրավական պետության ամրապնդման և բարձր տեխնոլոգիայի զարգացման վրա, մինչդեռ Ադրբեջանը մսխում է իր էներգակիրների ռեսուսները, ինչը վտանգում է նրա էկոլոգիական ապագան։ Ավելին, ուղղակիորեն Հայաստանի տարածքը թիրախավորող այս նոր ադրբեջանական ագրեսիան ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղը սոսկ պատճառ է ադրբեջանական վարչակարգի համար։ Հայաստանը ներակայացնելով որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ Ադրբեջանի բուն նպատակը տարածաշրջանում հայկական ներկայության իսպառ վերացումն է, այսպիսով ձգտելով ավարտին հասցնելու ավելի քան մեկդարյա ցեղասպանությունը։

Այս առումով, մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական ռազմատենչ ձեռնարկումներին Թուրքիայի ցուցաբերած հանցավոր աջակցությունը։ Անընդունելի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիրը, որը կոչված է նպաստելու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային համերաշխության հաստատմանը, ընդհակառակը, էլ ավելի է բարդացնում իրավիճակը՝ յուղ լցնելով կրակի վրա։ Ինպես Ալիևի, այնպես էլ Էրդողանի քայլերը, նպատակ ունենալով կանխելու արտաքին ռազմական ավանտյուրաների հետևանքով ժողովրդականության անկումը, ապակայունացնում են ողջ տարածաշրջանը։

Կիպրոսի և Սիրիայի հյուսիսի ռազմական օկուպացիայից, Լիբիայում կոպիտ միջամտությունից հետո, Թուրքիայի վտանգավոր ներգրավվածությունը Հարավային Կովկասում նոր վտանգ է տարածաշրջանային խաղաղության համար, և ըստ այդմ՝ նոր և ուղղակի ոտնձգություն Ֆրանսիայի և Եվրոպական միության շահերի դեմ։

Չհանդուրժելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության արժեքների նման կոպիտ ոտնահարումը՝ մենք կոչ ենք անում կառավարությանը (ֆրանսիական) ձեռք առնել տվյալ իրավիճակից բխող քաղաքական և գործուն միջոցներ։
Ներկա պարագայում, մենք չենք վարանում ասելու, որ ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը։

Բեռնար Ֆուրնիե – սենատոր,
Դանիել Կազարյան – պատգամավոր,

Ֆրանսուա Պուպպոնի – պատգամավոր, Ֆրանսուա-Միշել Լամբեր – պատգամավոր,

Գիյոմ Կսաբարյան – պատգամավոր,

Գի Տեսիե ֊ պատգամավոր

Ժան-Միշել Միս – պատգամավոր, Ժան-Պիեռ Կյուբերտաֆոն – պատգավոր, Միշել Ամիել – սենատոր,

Սոնիա Կրիմի – պատգամավոր,

Վալերի Բուայե – պատգամավոր»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել