ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի» նախագիծը, որի վերաբերյալ թիրախ խմբերի հետ պարբերաբար անցկացվում են առցանց հանդիպումներ:
Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Այդ նպատակով ZOOM հարթակում տեղի է ունեցել վեբինար՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ, որի ընթացքում փոխնախարարը հանրապետության բոլոր մարզերը ներկայացնող շուրջ 500 ուսուցիչների ներկայացրել է Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման հիմնական սկզբունքները:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախարարությունը նախաձեռնել է քննարկումը, քանի որ կարևորում է ուսուցիչների հետ անմիջական հաղորդակցությունը և ցանկանում է հետադարձ կապի միջոցով լսել մանկավարժական հանրույթի հնչեցրած առաջարկություններն ու դիտողությունները:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ չափորոշիչը նախատեսվում է ներդնել 2022-23 ուստարում, հետևաբար, ունենք առնվազն մի քանի տարի՝ այն փորձարկելու և անհրաժեշտ լրամշակումներ կատարելու համար։
«Այս ժամանակահատվածն օգտագործելու ենք ուսուցիչների վերապատրաստման և անհրաժեշտ ուսումնական նյութերի պատրաստման համար, և, առհասարակ, բոլոր փոփոխությունների նպատակն է հնարավորինս աջակցել ուսուցիչներին և նպաստել, որ սովորելու միջավայրը դառնա առավել արդյունավետ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է հանրայնացնել առարկայական չափորոշիչները, որոնք, ըստ նախարարի տեղակալի, կտան շատ հարցերի պատասխաններ, ինչպես նաև լսելի կդարձնեն ուսուցիչների կարծիքը:
Առցանց հանդիպմանը նա նաև անդրադարձել է այն հիմնական խնդիրներին, որոնք հանրության շրջանում առավել շատ են քննարկվում։
Դրանցից մեկը վերաբերում է Հայոց լեզվի և հայ գրականության դասաժամերին.
«Չափորոշչի նախագիծն առաջարկում է առարկայացանկի ձևավորման սկզբունքների փոփոխություն և, մասնավորապես, հնարավորություն է տալիս, որ դպրոցներն առավելագույն ժամաքանակի շրջանակում, ըստ տոկոսային միջակայքերի, այն համամասնությամբ ձևավորեն ուսումնական պլանը, որը հարմար կգտնեն: Սակայն, միաժամանակ ապահովել ենք, որ բոլոր բնագավառները ներկայացված լինեն և պետական բաղադրիչի շրջանակում սահմանելով 4 պարտադիր առարկաներ՝ երաշխավորել ենք դրանց անհրաժեշտ ծավալով ուսուցումը դպրոցում: Հայոց լեզուն և հայ գրականությունը, ինչպես նաև հայոց պատմությունն այդ առարկաների ցանկում են: Ըստ չափորոշչում տրված հաշվարկի մեխանիզմի՝ հայոց լեզվի ժամերը ոչ միայն չեն կրճատվում, այլև, ընդհակառակը, գործող չափորոշչի համեմատ՝ ավելանում են»,-նշել է Ժ. Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ եթե գործող չափորոշչով տարրական դպրոցում մայրենի լեզվի համար հատկացված դասաժամերը 650 են, ապա նոր չափորոշչով դրանք տարեկան հասնելու են մինչև 718 ժամի, գործող չափորոշչով միջին դպրոցում դրանք 850 են, նոր չափորոշչով՝ 893, ավագ դպրոցում 500 են, նոր չափորոշչով՝ 571։
Եթե գործող չափորոշչով պետական դպրոցները ֆինանսավորվում են միջինացված ժամաքանակով, ապա նորով՝ առավելագույն ժամաքանակով։ Սա նշանակում է, որ դպրոցը կունենա հնարավորություն ավելի ընդայնված ֆինանսավորում իրականացնելու ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակներով և դրանում կկարողանա ներառել անհատական բաղադրիչը, հետազոտական աշխատանքները և նախագծային ուսուցումը։
Փոխնախարարն անդրադարձել է նաև ՆԶՊ առարկային՝ ընդգծելով, որ ըստ չափորոշչի նախագծի՝ ուսումնական բնագավառի անվանման փոփոխություն տեղի չի ունեցել. 2010 թ.-ից այն արդեն իսկ կոչվել է ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն: «Այսինքն՝ բացի տվյալ առարկայի բովանդակության բարելավման և միջառարկայական կապերի ավելի սերտ ձևավորման փոփոխությունից, այլ փոփոխություն տեղի չի ունեցել»,-ընդգծել է նախարարի տեղակալը:
Անդրադառնալով «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային՝ Ժաննա Անդրեասյանն ասել է, որ նոր չափորոշչի նախագծով առաջարկվում է հանրակրթության վերաբերյալ ամբողջական մոտեցումների փոփոխություն:
«Հայրենագիտություն բնագավառի սահմանման մեջ հստակ ներառելով հայոց եկեղեցու դավանանքի ճանաչումն ու արժևորումը, բնականաբար, այդ բովանդակությունը միանշանակ պահում ենք դպրոցում: Առանձին առարկաների կամ ինտեգրված ուսուցման տեսանկյունից հստակ է, որ 5-6-րդ դասարաններում հայրենագիտությունը կներկայանա ինտեգրված ուսուցմամբ, իսկ 7-12-րդ դասարաններում դպրոցը կկարողանա ձևավորել սեփական մանկավարժական մոտեցումը»,-նշել է նախարարի տեղակալը՝ տեղեկացնելով, որ հայոց պատմության և հասարակագիտության ժամաքանակը եթե գործող չափորոշչով միջին դպրոցում 612 է, ապա նոր չափորոշչի նախագծով՝ 1190, եթե ավագ դպրոցում գործող չափորոշչով 578 է, ապա նոր չափորոշչի նախագծով 734:
Ժաննա Անդրեասյանը պատասխանել է նաև ուսուցիչների բազմաթիվ հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ավագ դպրոցների դերի ու նշանակության, դպրոցի տնօրենի պաշտոնավարման տարիքի, վերապատրաստումների բովանդակության, դասարանի կազմի խտության, բարեփոխումների համար համարժեք ֆինանսական միջոցների ներդրման, կրթական քաղաքականության տեսլականի, հեռավար կրթության և ներառական կրթության հմտությունների կատարելագործման, ուսուցչի դրույքաչափի, նոր չափորոշչի համապատասխան դասագրքերի հրատարակման և այլ խնդիրների: