«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է ուսուցչի ատեստավորման կարգը։
1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ունի համապատասխան որակավորում կամ վերջին տասը տարվա ընթացքում մասնագիտական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:
2. Ուսուցչի ատեստավորման գործընթացի կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
3. Ուսուցչի հերթական ատեստավորումն անցկացվում է հինգ տարին մեկ, իսկ արտահերթ ատեստավորումը՝ հերթական ատեստավորումից առնվազն երկու տարի հետո։
4. Ուսուցչի ատեստավորումը անցկացվում է պարզ և բարդ ընթացակարգերով։
5. Պարզ ընթացակարգն իրականացվում է փաստաթղթային ատեստավորման եղանակով՝ ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի կողմից, իսկ բարդ ընթացակարգը՝ թեստավորման և հարցազրույցի եղանակով, ուսուցչի ատեստավորման հանրապետական հանձնաժողովի կողմից։ Ուսուցչի ատեստավորման հանրապետական և տարածքային հանձնաժողովների ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
6. Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման` ըստ ուսումնական հաստատության տնօրենի հաստատած ժամանակացույցի:
7. Տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում է տվյալ տարվա ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկ և մինչև մայիսի 1-ը ներկայացնում է ատեստավորման տարածքային հանձնաժողով։
8. Տարածքային հանձնաժողովը մեկամսյա ժամկետում քննարկում և սահմանում է ուսուցիչների ատեստավորման ժամանակացույցը և եռօրյա ժամկետում ներկայացնում է համապատասխան ուսումնական հաստատություններին և ատեստավորման հանրապետական հանձնաժողով՝ ի գիտություն։
9. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է փաստաթղթային ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
10. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած չափորոշիչներին համապատասխան: Առանձին դեպքերում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է կազմակերպել ուսուցիչների արտահերթ պարտադիր վերապատրաստում պետական բյուջեի կամ այլ միջոցների հաշվին:
11. Ուսումնական հաստատությունն ինքնուրույն ընտրում է մանկավարժական աշխատողներին, այդ թվում՝ ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությանը։ Ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը մշակում է պետական կառավարման լիազորված մարմինը:
12. Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ ուսումնական հաստատության տնօրենը ներկայացնում է ուսուցչի աշխատանքային բնութագիրը և նրա գործունեության արդյունքների վերաբերյալ փաստաթղթային հիմքերը՝ նախապես դրանք ծանոթացնելով ուսուցչին։
13. Ուսուցչի աշխատանքային բնութագիրը բովանդակում է տվյալներ ուսուցչի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների, ինչպես նաև առարկայական-մասնագիտական և մանկավարժական գիտելիքների ու կարողությունների, ուսուցչի աշխատանքային գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը:
14. Աշխատանքային բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել ուսուցչի ատեստավորման արդյունքի վրա:
15. Ուսուցչի աշխատանքային գործունեության արդյունքները գնահատվում են հետևյալ փաստաթղթային հիմքերով.
1) ուսուցչի գործունեության վերաբերյալ ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների հարցումները.
2) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման նպատակով անցած վերապատրաստումների արդյունքները (վկայական, հավաստագիր և այլն).
3) ուսումնական հաստատության տեսչավորումից հետո տրված եզրակացությունը (ուսուցչի մասով) և այլ հիմքեր։
16. Ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
17. Պարզեցված ընթացակարգով փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է սահմանված ցանկին համապատասխան ներկայացված փաստաթղթերի հիման վրա։
18. Ատեստավորման տարածքային հանձնաժողովը յուրաքանչյուր ուսուցչի համար քվեարկության միջոցով ձայների մեծամասնությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է որակավորման տարակարգի շնորհման.
3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է որակավորման տարակարգի իջեցման.
4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։
19. Ատեստավորման տարածքային հանձնաժողովն իր ընդունած որոշումները հրապարակում է նույն օրը և երկօրյա ժամկետում հիմնավորումներով ներկայացնում է ատեստավորման հանրապետական հանձնաժողով և համապատասխան ուսումնական հաստատություն։
Բարդ ընթացակարգով ատեստավորման և որակավորման տարակարգի շնորհման կամ իջեցման ենթակա ուսուցչի վերաբերյալ որոշումը ատեստավորման հանրապետական հանձնաժողով է ներկայացվում ուսուցչի գործունեության արդյունքների վերաբերյալ սույն հոդվածի 12-րդ, 15-րդ և 16-րդ մասերում նշված փաստաթղթային հիմքերով։
20. Բարդ ընթացակարգով թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման և որակավորման տարակարգի շնորհման կամ իջեցման ենթակա է այն ուսուցիչը`
1) որի վերաբերյալ ատեստավորման տարածքային հանձնաժողովը ընդունել է սույն հոդվածի 18-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նշված որոշումներից մեկը.
2) որը հավակնում է ստանալ որակավորման տարակարգ և անցել է փաստաթղթային ատեստավորում։
21. Սույն հոդվածի 18-րդ մասի 4-րդ կետում նշված որոշումը ենթակա է բարդ ընթացակարգով ատեստավորման, եթե որոշումը գրավոր բողոքարկվել է տվյալ ուսուցչի կամ տվյալ ուսումնական հաստատության կողմից։
22. Բարդ ընթացակարգով ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման կարգի, հարցաշարերի, հարցաթերթիկի ձևի, անցկացման վայրի, օրվա ու ժամի մասին:
23. Բարդ ընթացակարգով ատեստավորման կազմակերպման և իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը ներառում է թեստերի և հարցազրույցի անցկացման ու արդյունքները գնահատելու ձևերը, հարցաշարերի բովանդակային բաղադրիչները, հարցաթերթիկի ձևը և այլն։
24. Ուսուցչի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշը որակավորման տարակարգն է, որը որակավորման յուրաքանչյուր աստիճանում սահմանվում է երեք մակարդակներով։
25. Ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները սահմանվում են` հիմք ընդունելով ուսուցչի մասնագիտական գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքի ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգևատրում, համապատասխան մրցույթների մասնակցություն, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումներ և այլն)։
26. Ուսուցիչն իր նախաձեռնությամբ կարող է որակավորման ցանկացած տարակարգին համապատասխան առարկայական-մասնագիտական և մանկավարժական գիտելիքների գնահատում անցնել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունում և ստանալ համապատասխան տեղեկանք:
27. Ատեստավորման հանրապետական հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) ենթակա է որակավորման տարակարգի շնորհման.
2) ենթակա է որակավորման տարակարգի իջեցման.
3) վերանայել «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը.
4) հաստատել «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը։
28. Ուսուցիչը կամ տնօրինությունը ատեստավորման արդյունքները կարող է բողոքարկել ատեստավորող տարածքային հանձնաժողովի որոշումը ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկված ատեստավորման արդյունքները վերանայվում են ատեստավորման հանրապետական հանձնաժողովի կողմից, և մեկամսյա ժամկետում ընդունվում է համապատասխան որոշում: Հանրապետական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
29. Ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
30. Ատեստավորման տարածքային և հանրապետական հանձնաժողովների որոշումները հիմք են ուսուցչի պաշտոնավարության, զբաղեցրած պաշտոնից ազատելու համար, ինչպես նաև նրան որակավորման համապատասխան տարակարգ շնորհելու և հավելավճար սահմանելու համար։
31. Սույն հոդվածի 27-րդ մասի 4-րդ կետի հիման վրա ուսումնական հաստատությունը եռօրյա ժամկետում պաշտոնից ազատում է տվյալ ուսուցչին և հայտարարում ուսուցչի թափուր տեղի համալրման մրցույթ։ Ուսուցչի պաշտոնից ազատումը անձին չի զրկում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։
32. Արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն երկու տարի հետո՝
1) ուսուցչի նախաձեռնությամբ.
2) հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ.
3) տնօրենի պատճառաբանված որոշման հիման վրա:
33. Արտահերթ ատեստավորվող ուսուցիչը պետք է ունենա նվազագույնը երկու տարվա մանկավարժական ստաժ, որից առնվազն մեկ տարին` տվյալ հաստատությունում:
34. Ատեստավորման ենթակա չեն`
1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչները.
2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:
35. Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը ենթակա է ատեստավորման արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չի հայտնել:
36. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ ճանաչված ուսուցիչը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` չորսամսյա ժամկետում: