Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի բուժական գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանի հետ անցկացրել է ճեպազրույց։
Վարչապետը նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները կրկին կայունացման թույլ և նախնական նախանշաններ են ցույց տալիս և վերջնական հնարավոր չէ ասել, թե իրավիճակը կայունացել է:
«Բայց նախանշաններ կան: Կայունացումը տեղի է ունենում շատ բարձր նշաձողի վրա, երեկ 428 նոր դեպք ենք ունեցել, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մեր ջանքերի շնորհիվ այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար: Ըստ էության, հոսպիտալացման կարիք ունեցող մարդկանց խնդիրն ամեն օրվա հետ ավելի փոքրանում է: Եթե կարողանանք պահպանել այս միտումը, կլուծենք հոսպիտալացման խնդիրն ամբողջ ծավալով ու կանցնենք կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման, ավելի ճիշտ՝ զրոյացման փուլին»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ակնհայտ է, որ այսօր բնակիչների մեծամասնությունը կրում է դիմակ, հետևում կանոններին, բայց դեռևս ցանկալի արդյունք չունենք: «Այսօր օրվա առաջին կեսին ոստիկանները 15:00-ի դրությամբ 1800 քաղաքացու տուգանել են դիմակ չկրելու համար: Այս թիվն ասում եմ ցավով, որովհետև մեր նպատակը տուգանելը չէ: Երեկ բացառիկ ցուցանիշ ենք ունեցել բուժվածների մասով՝ 775 բուժված: Ըստ էության, մենք ակտիվ դեպքերի որոշակի նվազում ենք արձանագրել»,-նշել է վարչապետը:
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով՝ կորոնավիրուսը նոր հիվանդություն է ու դեռևս շատ անորոշություններ կան դրա թե՛ տարածման, թե՛ կանխարգելման, թե՛ բուժման հետ:
«Այս ամիսներին առողջապահության նախարարությունը ոչ միայն կազմակերպել է կանխարգելիչ և բուժման աշխատանքները, այլև փորձել ենք սովորել հիվանդության մասին: Սովորել ենք մեր բուժաշխատողներից, միջազգային մեր այլ գործընկերներից, մեր փորձագետներից, թե ինչպես կառավարել համաճարակը: Բավականին երկար ճանապարհ անցել ենք և դեռ անցնելու ենք: Քաղած դասերի հիման վրա փորձում ենք ընդունել որոշակի մարտավարություններ, ավելի արդյունավետ դարձնել հակազդումը»,-ասել է նա:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բուժական հարցերով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը նշել է, որ կորոնավիրուսային հիվանդությունը ընթանում է անկառավարելի ընթացքով, անակնկալներ մատուցելով և անկառավարելի բարդություններով։ «Հիվանդներն ունեն բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ, որոնք առավելագույնս բարդացնում են հիվանդության ընթացքը։ Վերջին ժամանակներս ծանր ու ծայրահեղ հիվանդների աճի միտում նկատվեց, հիվանդանոցն առավել ծանրաբեռնված է աշխատում։ Հիվանդը, պատկերացրեք, ընդունվում է հիվանդանոց այնպիսի ցուցանիշներով, որ բնորոշ չեն առավել ծանր հիվանդին և կարճ ժամանակ անց նման կլինիկական ախտանիշներ, ինչպիսին է շնչահեղձությունը, մարդկանց մոտ տագնապի զգացողությունը, օդի պակասը, այդ գերլարվածությունն առաջացնում է այնպիսի վիճակ, որ զարգացման ընթացքը հիվանդների մոտ անկառավարելի ընթացքի է բերում։ Բառիս բուն իմաստով աչքիդ առաջ հիվանդները սկսում են շնչահեղձ լինել։ Այստեղ մեզ օգնության են հասնում շնչական ապարատները։ Ցավոք, հիվանդությունը ընթանում է անկառավարելի ընթացքով, անակնկալներ մատուցելով և իր բարդություններն այսօր նույնպես անկառավարելի են»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն այժմ զբաղվում է միայն ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների բուժմամբ: «Պատերազմ է ընթանում, բուժաշխատողները օր ու գիշեր պայքարում են կյանքեր փրկելու համար»,- ասել է Մանուկյանը՝ հորդորելով քաղաքացիներին հետևել պարետատան կանոններին։