Դատախազի աշխատավարձը 2013թ. համար

Դատախազի աշխատավարձը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից, հավելավճարներից և օրենքով նախատեսված այլ վճարներից:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով։
Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 85.60%-ը։

Գլխավոր դատախազության վարչության պետի, Երևան քաղաքի դատախազի, զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 80.79%-ը:

Մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազի և կայազորների զինվորական դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75.99%-ը:

Գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի, գլխավոր դատախազության բաժնի պետի, գլխավոր դատախազության ավագ դատախազի, Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 71.19%-ը։
Գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի ավագ դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 66.39%-ը։

Գլխավոր դատախազության դատախազի, գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետի, զինվորական կենտրոնականդատախազության ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 61.59%-ը:

Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 56.79%-ը։

Երևան քաղաքի դատախազության դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազների, զինվորական կենտրոնականդատախազության դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 51.99%-ը։

Մարզի, Երևան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 47.18%-ը։

Արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանի համար սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ` գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 100%-ի չափով: Մյուս դասային աստիճանների նկատմամբ սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ` հիմքում դնելով գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի`
1) արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի համար` 85%-ը.
2) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի համար` 80%-ը.
3) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75%-ը.
4) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65%-ը.
5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` 60%-ը.
6) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55%-ը.
7) առաջին դասի խորհրդականի համար` 50%-ը.
8) երկրորդ դասի խորհրդականի համար` 45%-ը.
9) երրորդ դասի խորհրդականի համար` 40%-ը:

Դասային աստիճան ունեցող դատախազները ստանում են հավելավճար` դատախազի, դատավորի ևդատախազության քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար` իրենց շնորհված դասային աստիճանի նկատմամբ սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4-ական տոկոսի չափով: Բոլոր դեպքերում դասային աստիճանի համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:

Համաձայն «2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը` 428,070.0 դրամ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել