Կարո՞ղ է նշանակվել ավելի մեղմ պատիժ, քան նախատեսված է օրենքով

Քրեական օրենսգիրքը որոշակի ճկունություն է ցուցաբերում հանցանք կատարած անձի նկատմամբ պատիժ նշանակելու սկզբունքները սահմանելիս: Խոսքը օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու մասին է:

Եվ այսպես` հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ:

Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:

«Այս նորմը կարող է որոշակի կոռուպցիոն ռիսկեր պարունակել, սակայն հիմնավորված կիրառման դեպքում այն յուրաքանչյուր կոնկրետ դեպքի հանգամանքները հաշվի առնելու միջոցով օբյեկտիվ որոշում կայացնելու իրավական հնարավորություն է: Օրենքը կարող է անհարկի խիստ պատասխանատվություն նախատեսել որևէ արարքի համար, իսկ հանցանք կատարած անձը և նրա կատարած արարքը հանրային մեծ վտանգավորություն չներկայացնեն: Վերոնշյալ նորմի միջոցով դատարանը կարող է առավել արդարացի պատիժ նշանակել»,-Իրավաբան.net-ի հետ հարցազրույցում կարծիք հայտնեց Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել