Օրեր շարունակ Լարսում գտնված շուրջ 140 ՀՀ քաղաքացիներն այսօր Հայաստան անցնելիս սահմանին անցել են ջերմաչափում

Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված շուրջ 140 ՀՀ քաղաքացիներն այսօր գիշերը Վրաստանի տարածքով Հայաստան անցնելիս սահմանին անցել են ջերմաչափում եւ անհրաժեշտ արտաքին զննում։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահական և աշխատանի տեսչական մարմնից:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի բժշկասանիտարական հսկիչ կետում բոլոր քաղաքացիների առողջական վիճակը սահմանված կարգով դիտարկվել է. կասկածելի ախտանշաններ որեւէ մեկի մոտ չեն գրանցվել։ Հոսպիտալացում չի եղել։

Բոլոր քաղաքացիների համար լրացվել են հասցեական քարտեր։ Դրանք կտրամադրվեն ՀՀ վերադարձած անձանց բնակության կամ գրանցման վայրի պոլիկլինիկաներին` այս անձանց առողջական հետագա վիճակը հսկողության տակ պահելու համար։

Նախորդիվ այս հարցի վերաբերյալ գրառում էր կատարել ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանը` տեղեկացնելով, որ Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ օրեր շարունակ վարած բանակցությունների և գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը ՀՀ Վրաստանի տարածքով:

Ավինյանը նաեւ ընդգծել է, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք: Նման իրավիճակներից խուսափելու համար ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիներին կոչ է արվում օգտվել բացառապես օդային ճանապարհից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել