Հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումները`քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերով ապացույցներ

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումների գնահատման հարցին՝ արձանագրելով, որ թեև քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տան դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, հետևաբար դատարանը տվյալ գործի շրջանակներում պարտավոր է տալ նաև այդ ապացույցների իրավական գնահատականը (տես՝ թիվ ԱՐԱԴ/0093/02/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի որոշումը):

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեական գործի վարույթի կարճումն ինքնին հիմք չէ անձի մեղավորությունը քաղաքացիաիրավական պատասխանատվության առումով բացառելու համար, քանի որ պատասխանատվության երկու տեսակները կարող են կիրառվել ինչպես միասին, այնպես էլ առանձին: Ավելին, արարքում հանցակազմի բացակայությունը վկայում է ընդամենը արարքի քրեականացնող հատկանիշի բացակայության մասին, մինչդեռ չի բացառում տվյալ արարքում անձի մեղավոր վարքագծի դրսևորումը և որպես վերջինիս հետևանք` քաղաքացիական պատասխանատվությունը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել