Պարտք էր Երևան համայնքին

Երևան համայնքը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Արա Մ.-ի, որով խնդրել է վերջինից բռնագանձել 248.056 դրամ։

Արա Մ.-ն սեփականության իրավունքով պատկանում է ԲՄՎ524 TDA մակնիշի 03ՏԼ578 պետհամարանիշի փոխադրամիջոցը, որի գույքահարկի հարկման բազան համարվող ձիաուժը, համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի` հաշվարկվել է Ճանապարհային ոստիկանության կողմից և ներկայացվել է հայցվորին, որի հիման վրա էլ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան հաշվարկվել է պատասխանողին պատկանող փոխադրամիջոցի տարեկան գույքահարկը։ Պատասխանողի պարտքը Երևանի բյուջեին նշված փոխադրամիջոցի համար կազմում է 248.056 դրամ, որից ապառք` 177.500 դրամ, իսկ տույժ` 70.556 դրամ։

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է գույքահարկի հաշվարկման երկու սուբյեկտ` ֆիզիկական անձ և հաշվառող մարմին։ Այդ իսկ պատճառով, նշված հոդվածի համաձայն, օրենսդիրը սահմանել է գույքահարկ հաշվառող մարմնի պարտականությունը` մինչև գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնելու սահմանված կարգով իրենց կողմից կատարված հաշվարկների հիման վրա հաuտատված ձևի գույքահարկի վճարման ծանուցագրեր։ Այնինչ նման ծանուցագիր պատասխանողին ուղարկված լինելու փաստը հաստատող որևէ ապացույց հայցվորը դատարանին չի ներկայացրել։

Դատաքննությամբ պարզվեց, որ 248.056 ՀՀ դրամի չափով պատասխանողի գույքահարկի պարտավորությունները հաշվարկվել են 2006թ-ից մինչև 2010թ. ներառող ժամանակահատվածի համար, իսկ որպես ապացույց, տեղեկանքի տեսքով, դատարանին է ներկայացվել 19.07.2010թ. կազմված գույքահարկի պարտքի հաշվարկ։ Գույքահարկի պարտքի առկայությունը 2006-2007 թվականների համար` պարտավոր էր հայտնաբերել տեղական ինքնակառավարման մարմինը։ Հետևաբար, սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, որի ուժով 2006-2007 թվականների գույքահարկի համար Արամ Մ.-ի մոտ հարկային պարտավորություն չի կարող առաջանալ։

Այսպիսով, դատարանը եզրակացրեց, որ 2006-2007 թվականների համար հաշվարկված գույքահարկի 71.000 դրամի և այդ գումարի նկատմամբ հաշվարկված տույժի` 38.872 դրամի բռնագանձման պահանջը, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի հիմքով, ենթակա է մերժման։

Դատարանը վճռեց Երևան համայնքի հայցը բավարարել մասնակի` Արա Մ.-ից հօգուտ Երևան համայնքի բռնագանձել 138.184 դրամ, որից ապառք` 106.500 դրամ, տույժ` 31.684 դրամ, իսկ հայցը մնացած մասով՝ մերժել։

Սույն գործը ներկայումս պատասխանողի կողմից վիճարկում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել