Երեխայի հայր կամ մայր հանդիսանալու վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում կինը և տղամարդը կարող են վիճարկել տվյալ երեխայի նկատմամբ համապատասխանաբար մայրությունը կամ հայրությունը:
«Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մասին» օրենքին համապատասխան իրականացված ծննդի պետական գրանցման գրքում ծնողների վերաբերյալ կատարած գրառումը կարող է վիճարկվել միայն դատական կարգով որպես երեխայի հայր կամ մայր գրառված անձի կամ, փաստորեն, երեխայի հայր կամ մայր համարվող անձի պահանջով, խնամակալի (հոգաբարձուի), դատարանի կողմից անգործունակ ճանաչված ծնողի խնամակալի, դատարանի կողմից սահմանափակ գործունակ ճանաչված ծնողի հոգաբարձուի, ինչպես նաև չափահաս դարձած երեխայի պահանջով։
Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից ծնված երեխայի՝ ծննդի պետական գրանցման գրքում հայր գրառված անձի հայրությունը վիճարկելու մասին պահանջը չի կարող բավարարվել, եթե ապացուցվի, որ որպես երեխայի հայր գրառվելու պահին այդ անձին հայտնի է եղել, որ ինքը, փաստորեն, չի համարվում երեխայի հայրը։ Այսինքն, եթե անձը, իմանալով հանդերձ, որ չի հանդիսանում տվյալ երեխայի հայրը, ճանաչել է հայրություն կամ գրանցվել է որպես երեխայի հայր՝ գրանցված ամուսնության հիման վրա, հետագայում նրա կողմից հայրությունը վիճարկելու դեպքում, պահանջը կմերժվի:
Ամուսինը, որն օրենքով սահմանված կարգով գրավոր համաձայնություն է տվել կիրառելու արհեստական սաղմնավորման կամ սաղմի պատվաստման մեթոդները, երեխայի ծնունդը գրանցելուց հետո իրավունք չունի վիճարկելու այդ ճանապարհով ծնված երեխայի հայրությունը:
Ամուսինները, որոնք համաձայնություն են տվել կատարելու սաղմի պատվաստում և պտղի հասունացում այլ կնոջ միջոցով, ինչպես նաև կինը, որի միջոցով կատարվել է պտղի հասունացումը, երեխայի ծնունդը գրանցելուց հետո իրավունք չունեն հենվելու այդ հանգամանքի վրա:
Աղբյուրը` Իրավաբան.net