2020-ին ԵԱՏՄ սահմաններում ռոումինգը կչեղարկվի

2020-ի գարնանը Եվրասիական տնտեսական միության սահմաններում ռոումինգը չեղյալ կհամարվի:

Այս մասին հայտնել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Մարտ-ապրիլի դրությամբ, իմ ունեցած տեղեկություններով, ռոումինգը ԵԱՏՄ սահմաններում չեղյալ կհամարվի, այսինքն՝ բջջային կապը կլինի նույն տիրույթում», – ասել է Մելքումյանը:

Անդրանառնալով ԵԱՏՄ պետությունների միջև միասնական շուկա ստեղծելուն՝ Մելքումյանը նշել է, որ թեև նախատեսված է միասնական շուկա ստեղծել 2025 թ-ից, սակայն այսօր կան նախադրյալներ որոշ ոլորտներում ունենալ միասնական շուկա:

«2015 թ հունվարի 2-ից անդամակցում ենք ԵԱՏՄ-ին, և պետությունների միջև պարտավորվածություն կա, որ 2025 թվականի հունվարի 1-ից է կայանալու միասնական շուկան: Կարծում եմ՝ 10 տարին բավականին շատ ժամանակահատված է, որոշ շուկաներ կարող են շատ ավելի շուտ կայանալ, ինչպես օրինակ էներգետիկը և այլն», – ասել է Մելքումյանը:

Ներկայումս ԵԱՏՄ կազմում ընդգրկված են հինգ երկրներ՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել