Ինչու՞ է «Լուսավոր Հայաստանը» ցանկանում ավագանու կազմում իր միակ ներկայացուցչին՝ Դավիթ Խաժակյանին հետ կանչել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության մեդիաթիմը միշտ հետևում է քաղաքացիների արձագանքներին ու զեկույցներ ներկայացնում կուսակցության կառավարման խորհրդին։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Ազգային ժողովում ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու՞ է քննարկվում Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության մասին։

«Երեկվա ավագանու ելույթներից հետո մենք ինչ-որ կերպ պետք է արձագանքեինք մեզ այդքան գրողներին ու բաներ հարցնողներին։ Սա այդ արձագանքն է ու այդ արձագանքը հետագայում կունենա նաև կառավարման խորհրդի կողմից կայացվելիք որոշում»,-նշեց նա։

Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ կուսակցությունն ունի իր օրակարգն ու գաղափարախոսությունը ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ՝ ավագանիում։ «Երբ կառավարման խորդուրդը գնահատում է, որ «Լույս» խմբակցությունը պարբերաբար շեղվում է կուսակցության գծից, մենք պետք է հասկանանք՝ որքանով է նպատակահարմար մեր մասնակցությունն այս պարագայում, կամ ինչ ձևաչափով է հարմար շարունակել, որովհետև մենք պետք է պատասխանատվություն կրենք այն բանի համար, որի հետ ամբողջությամբ համաձայն է կուսակցությունը»,-ասաց պատգամավորը։

Էդմոն Մարուքյանը նաև նշեց, որ կուսակցությունը գոհ է Դավիթ Խաժակյանի աշխատանքից և նա իր գործունեության ցույց է տվել, թե ինչպես պետք է աշխատի ընդդիմադիր ավագանին։ «Իրավիճակներ կան, որ պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց նա պատասխանատվություն է կրում որպես խմբակցության ղեկավար և նաև այդ պատասխանատվությունը տարածվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վրա»,-ասաց Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով, իրենց կուսակցությանը մեղադրում են ոչ իրենց անդամների գործունեության համար։

Նա նշեց, որ երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Դավիթ Խաժակյանը բացահայտել է պաշտոնական կեղծիք, ինչը չի լուսաբանվել (Խմբագրություն․ նիստից այդ հատվածը Իրավաբան.net-ում՝ https://iravaban.net/249596.html ), սակայն լուսաբանվում է քաղաքապետի ծիծաղի մասին ելույթ (https://iravaban.net/249587.html)։

Նա նաև նշեց, որ «Լույս» խմբակցությունը չի կարողանում որևէ ազդեցություն ունենալ ավագանիում։

«Դավիթ Խաժակյանի համար ի՞նչ պետք է ափսոսենք։ Դավիթ Խաժակյանն ապագայում կարող է լինել քաղաքապետի թեկնածու, կարող է լինել պատգամավոր»,-նշեց Էդմոն Մարուքյանը։ Նա նաև նշեց, որքանով իր համար հասկանալի է դառնում՝ Դավիթ Խաժակյանն այս պահին քաղաքապետարանի թիվ մեկ աստղն է։

Հավելենք, որ այժմ Երևանի ավագանու կազմում «Լույս» դաշինքը ներկայացնում են «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանը և «Հանրապետություն» կուսակցությունից Թեհմինա Վարդանյանը, Անի Խաչատրյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել