Ինչպես գիտենք, կաշառք ստանալու հանցակազմը հատուկ է. կաշառք ստացող կարող է լինել միայն պաշտոնատար անձը:
Իսկ ո՞վ կարող է հանդես գալ միջնորդի դերում, արդյո՞ք այս դեպքում էլ է հանցագործության սուբյեկտը հատուկ:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի` կաշառքի միջնորդությունը՝ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելն է, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նույն արարքի կատարումը պաշտոնեական դրությունն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
«ՀՀ Քրեական օրենսգրքի վերը նշված հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ պաշտոնեական դրությունն օգտագործելը նշված հանցագործությունը ծանրացնող հանգամանք է միայն, հետևաբար սովորական հանցակազմի համար պարտադիր չէ, որ սուբյեկտը` հանցագործություն կատարող անձը, լինի պաշտոնատար անձ»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net