Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծ: Նախատեսվում է «Պետական բյուջեի մասին» օրենքի հավելվածում կատարել վերաբաշխում և պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ֆինանսական միջոցներ հատկացնել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար:
Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի 108 ընտանիքների արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը և կլուծվի 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները:
Արդյունքում նախատեսվում է, որ Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես լուծվում են փախստական ընտանիքների բնակարանային հարցերը:
Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացման պատասխանատուն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա Միգրացիոն ծառայությունն է:
Որոշմամբ շահառու են հանդիսանում ժամանակավոր բնակության վայրերում կամ կացարաններում՝ «Սեբաստիա» հյուրանոց (հասցե՝ ք. Երևան, Լենինգրադյան 46/1), «Նաիրի» հյուրանոց (հասցե՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան 121/6), «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարան (հասցե՝ ք. Երևան, Սեբաստիա 3/9) և Երևան քաղաքի Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակվող այն փախստական ընտանիքները, ովքեր համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մասին» N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին և Միգրացիոն ծառայության կողմից 2019 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ուսումնասիրությամբ փաստացի բնակվում են իրենց հատկացված ժամանակավոր բնակության վայրում կամ կացարանում:
Միգրացիոն ծառայության կողմից սույն սույն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով սահմանված շահառու ընտանիքները՝ գրավոր ծանուցվում են վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին:
- Ծանուցումն ստանալուց հետո մեկ ամսյա ժամկետում՝ վկայագրի միջոցով աջակցություն ստանալու ցանկություն հայտնած անձինք ընտանիքի չափահաս անդամների հետ համաձայնեցված դիմումը Ձև N2 ներկայացնում են Միգրացիոն ծառայություն։
- Դիմումին կից ներկայացվում են դիմողի և նրա ընտանիքի անդամների անձնագրային (կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ) տվյալները, ժամանակավոր բնակության վայրի (ժամանակավոր կացարանի) մասին տեղեկանքներ և ընտանիքի անդամների ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը: Սույն որոշման 26-րդ կետում նշված ժամկետում վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին գրավոր ցանկություն չհայտնած անձինք համարվում են աջակցություն ստանալուց հրաժարվածներ, որի վերաբերյալ նշում է կատարվում սույն որոշման 25-րդ կետով սահմանված ծանուցման մեջ:
- Միգրացիոն ծառայությունը դիմումը և կից փաստաթղթերը ստանալու պահից եռօրյա ժամկետում հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտե աջակցություն ստանալուն հավակնող անձանց մշտական բնակության և նրանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին:
- Միգրացիոն ծառայությունը ստացված դիմումներից և կից տեղեկատվությունից նվազագույնը 20 գործ ձևավորվելու դեպքում յուրաքանչյուր անգամ նախնական ցուցակը ներկայացնում է վկայագրերի միջոցով աջակցություն ստացող անձանց ցուցակների հաստատման վերաբերյալ եզրակացության տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից ստեղծվում է հանձնաժողովին այսուհետ՝ Հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Կադաստրի կոմիտեի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանի և Միգրացիոն ծառայության մեկական ներկայացուցիչները:
- Նախնական ցուցակին կից ներկայացվում են՝
ա) աջակցություն ստանալուն հավակնող անձանց կողմից տրված դիմումների և կից փաստաթղթերի պատճենները.
բ) աջակցություն ստանալուն հավակնող անձանց մշտական բնակության և նրանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի հետ ճշգրտված տեղեկատվությունը:
Վկայագիր ստացած անձը սահմանված ժամկետում բնակարանի (բնակելի տան) ընտրված տարբերակը ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկի միջոցներ ներգրավելու ցանկություն հայտնելու դեպքում դիմում է Միգրացիոն ծառայություն իր դիմումի համաձայն հիփոթեքային վարկի տրամադրման հարցի քննարկմանը խնդրանքով, որը Միգրացիոն ծառայության կողմից եռօրյա ժամկետում ներկայացվում է Հանձնաժողով:
- Միգրացիոն ծառայությունը վկայագիր ստացած անձի դիմումի համաձայն և Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում նրա կողմից ընտրված բանկին է ներկայացնում ստացված դիմումը և միջնորդագիր-գրություն վկայագրում նշված աջակցության չափը որպես կանխավճար վաճառողի ցպահանջ ավանդային հաշվին փոխանցելու վերաբերյալ` բանկի կողմից դիմողին վարկ տրամադրելու մասին ընդունված որոշման հիման վրա անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր կնքելու դեպքում:
- Բանկը, Միգրացիոն ծառայության միջնորդությունն ստանալով, սահմանված կարգով ուսումնասիրում է դիմողի վճարունակության պայմանները դրանք բանկի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ, և ուսումնասիրության արդյունքները դրական լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է Միգրացիոն ծառայություն և դիմողին վարկ տրամադրելու ընդունված որոշման մասին, իսկ ուսումնասիրության արդյունքները բացասական լինելու դեպքում տեղեկացնում է վարկի տրամադրման մերժման վերաբերյալ:
- Վկայագիր ստացած անձը բանկի կողմից ընդունված դրական որոշման հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրի ու տրամադրված վկայագրի բնօրինակները երկօրյա ժամկետում ներկայացնում է Միգրացիոն ծառայություն:
- Միգրացիոն ծառայությունը անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիրն ստանալուց հետո, երեք բանկային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում վկայագրում նշված աջակցության չափին համապատասխան գումարի հայտ` վաճառողին վճարելու համար, իսկ բանկին` հայտում նշված անձին տրամադրված վկայագրի բնօրինակը` բանկի կողմից վճարված գումարների վերաբերյալ վկայագրում նշում կատարելու նպատակով:
- Հայտի հետ միասին ներկայացվում են տրամադրված վկայագրի, ձեռք բերվող բնակարանի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրի, վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար աջակցություն տրամադրելու մասին պայմանագրի պատճենները, ինչպես նաև բնակարան (բնակելի տուն) վաճառողի կողմից ընտրված բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվի բանկային վավերապայմանները:
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտն ստանալուց հետո երեք բանկային օրվա ընթացքում վաճառողի կողմից ընտրված բանկում բացված ցպահանջ ավանդային հաշվին փոխանցում է վարկառուի վկայագրում նշված աջակցության չափին համապատասխանող գումարը: