Դանակահարություն՝ ալկոհոլի ազդեցության տակ. 41-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի՝ 55-ամյա բնակչի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի՝ 41-ամյա բնակչուհուն:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Մասնավորապես՝ Վանաձոր քաղաքի բնակչուհին՝ ծնված 1978 թվականին, երեխայի լուսանկարը այրելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, սեղանի վրա գտնվող դանակներով բազմաթիվ հարվածներ է հասցրել ընկերոջ մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վանաձոր քաղաքի՝ 1978թ. ծնված բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն  չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել