Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը զինվորական ծառայության ստաժում կհաշվարկվի կրկնակի չափով. նոր նախագիծ

 ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը ԱԺ-ում ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ 2016 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը զինվորական ծառայության ստաժում հաշվարկվում է կրկնակի չափով:

Այս դրույթը չի տարածվում այլ զորքերի զինծառայողների վրա, որոնք նույնպես կարող են մարտական հերթապահություն իրականացնել հակառակորդի հետ շփման գծում (փաստացի այսօր մարտական հերթապահություն է իրականացնում նաեւ ոստիկանությունը):

Օրենքի 34-րդ հոդվածով սահմանված են կենսաթոշակ նշանակելու ժամկետները: Մասնավորապես, կենսաթոշակ նշանակվում է՝

1) կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.

2) հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.

3) կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում՝ անհայտ կորելու) օրվանից, եթե  դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում.

4) զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ վեց ամսվա ընքացքում:

Նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

Օրենքի 34-րդ հոդվածի իրավակարգավորումների (համապատասխան իրավակարգավորումների բացակայության) արդյունքում ձեւավորվում է մի իրավիճակ, երբ այլ հիմքով (օրինակ՝ աշխատանքից ազատվելու հիմքով) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում կենսաթոշակը կարող է նշանակվել դիմելու օրվանից:

Միաժամանակ, գործնականում առկա են դեպքեր, երբ անձը կորցնում է որեւէ տեսակի կենսաթոշակ ստանալու իրավունքը (օրինակ՝ վերափորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչվելու, գործում ոչ հավաստի փաստաթղթեր հայտնաբերելու հիմքով եւ այլն)՝ ունենալով այլ տեսակի կենսաթոշակի իրավունք:

Այս դեպքում եւս, համապատասխան իրավակարգավորումների բացակայության պատճառով, կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից՝ չնայած այն հանգամանքին, որ եթե շահառուն ավելի վաղ տեղյակ լիներ խնդրին, ապա կենսաթոշակ նշանակելու դիմումը կներկայացներ (կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք կբերեր) ավելի վաղ ժամկետից:

Օրենքի 41-րդ հոդվածով սահմանված են կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու եւ վերականգնելու պայմաններն ու կարգը: Մասնավորապես, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջազգային պայմանագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձանց կենսաթոշակի գործերն ուղարկելու դեպքում:

Այս դեպքում, եթե անձը մշտական բնակության համար վերադառնում է Հայաստանի Հանրապետություն, ապա նրան կենսաթոշակ է նշանակվում նոր հիմունքներով:

Գործող իրավակարգավորումների արդյունքում ձեւավորվում է մի իրավիճակ, երբ օրենսդրական փոփոխությունների հետեւանքով անձը, մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո, այլեւս կենսաթոշակի իրավունք չի ունենում կամ նրան նշանակված (հաշվարկված) կենսաթոշակի չափը պակաս է լինում նախկինում նշանակված կենսաթոշակի չափից:

Օրենքի 43.1-ին հոդվածի համաձայն՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետեւանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս՝ եթե կենսաթոշակառուն նույն ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակի իրավունք,  այդ  գումարներից հաշվանցվում են այլ կենսաթոշակի գումարները (որն անձը կստանար, եթե ժամանակին ներկայացներ դիմում):

Սակայն գործնականում առկա են դեպքեր, երբ անձը նույն ժամանակահատվածում ունենում է ոչ թե այլ կենսաթոշակի, այլ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք: Իսկ գործող իրավակարգավորումների համաձայն՝ վերը նշված նպաստի գումարը կենսաթոշակ ստանալու իրավունքը օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետեւանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարներից չի կարող հաշվանցվել:

Օրենքի 44-րդ հոդվածով կանոնակարգվում են թաղման նպաստին առնչվող հարաբերությունները: Մասնավորապես, թաղման նպաստը տրվում է նաեւ հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու եւ մահանալու դեպքում:

Գործնականում, հանդիպում են դեպքեր, երբ անձը սահմանված ժամկետում ներկայանում է վերափորձաքննության, սակայն մահանում է՝ մինչեւ այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը:

Այս դեպքի համար օրենքով թաղման նպաստ նշանակելու եւ վճարելու դրույթ նախատեսված չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դեպքում վարչական վարույթը դադարեցվում է:

Արդյունքում՝ անհավասար պայմաններ են ստեղծվում նույն կարգավիճակն ունեցող տարբեր անձանց համար:

Օրենքի 50-րդ հոդվածը վերաբերում է կենսաթոշակառուի պարտականություններին, որի 1-ին մասի համաձայն՝ կենսաթոշակառուն պարտավոր է իրեն վերաբերող հավաստի տվյալներ ներկայացնել լիազոր մարմին:

Սակայն, համաձայն գործող ընթացակարգերի,  կենսաթոշակառուն տվյալները ներկայացնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Ըստ այդմ, առկա է անհամապատասխանություն գործող ընթացակարգերի եւ իրավակարգավորումների միջեւ:

Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքով սահմանված արտականությունները չկատարելու հետեւանքով կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները ենթակա են հետգանձման օրենքով սահմանված կարգով, իսկ եթե դադարել է անձի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը, ապա դատարանի վճռի հիման վրա:

Այնինչ, օրենքի այլ դրույթներով արդեն իսկ սահմանված է գումարների հետգանձման դատական կարգ (այսինքն՝ ավել վճարված գումարները դատարանի վճռի հիման վրա հետգանձելն օրենքով սահմանված եղանակներից մեկն է, եւ Օրենքի 50-րդ հոդվածի խնդրո առարկա դրույթը չունի կիրառական նշանակություն):

Օրենքի հավելված 1-ով կարգավորվում են միջազգային կազմակերպությունում աշխատող ՀՀ քաղաքացիների կենսաթոշակային վճարին առնչվող հարաբերությունները:

Հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակային վճարը ՀՀ պետական բյուջե է վճարվում այն արժույթով, որով վճարվում է միջազգային կազմակերպությունում աշխատողի աշխատավարձը, սակայն գործող ընթացակարգերի համաձայն՝ այդ վճարը ՀՀ պետական բյուջե է վճարվում ՀՀ դրամով (կոնվերտացվում է մինչեւ ՀՀ պետական բյուջե մուտքագրելը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել