Պետական մարմինների ղեկավարների առաջին տեղակալների ինստիտուտը կվերանա

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ, որոնց համաձայն` առաջարկվում է  չեղարկել պետական մարմինների ղեկավարների առաջին տեղակալների ինստիտուտը, ինչպես նաև առաջարկվում են իրավական կառուցակարգեր, որոնց հիման վրա պետական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվի իր հայեցողությամբ, իսկ պետական մարմնի ղեկավարի լիազորությունների կատարման անհնարինության կամ հրաժարականի դեպքում` նրան վարչապետ որոշմամբ կփոխարինի տեղակալներից որևէ մեկը:

Կառավարությունը, ըստ Սահմանադրության 147-րդ հոդվածի 1-ին մասի, կոլեգիալ մարմին է և կազմված է վարչապետից, փոխվարչապետերից և նախարարներից: Սահմանադրության մեկ այլ՝ 159-րդ հոդված համաձայն՝ Պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքով:

2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենքի)՝ մինչ 08.05.2019 թվականը գործող խմբագրությամբ 2-րդ հոդված 1-ին մասի համաձայն՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից:

Օրենքի՝ 01.06.2019 թվականին ուժի մեջ մտած (ՀՕ-31-Ն) կատարված փոփոխությունների համաձայն` Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից:

Փաստորեն նշված փոփոխություններով Սահմանադրության 147-րդ հոդվածին համահունչ վերացվեց առաջին փոխվարչապետի ինստիտուտը: Սրա հիման վրա, ելնելով գործադիր իշխանություն իրականացնող մարմինների միջև գործառույթային կապերի տրամաբանական բնույթից, նախագծով առաջարկվում է  չեղարկել պետական մարմինների ղեկավարների առաջին տեղակալների ինստիտուտը:  ինչպես նաև առաջարկվում են իրավական կառուցակարգեր, որոնց հիման վրա պետական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվի իր հայեցողությամբ:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում կչեղարկվի պետական մարմինների ղեկավարների առաջին տեղակալների ինստիտուտը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել