Ինձ մի քանի անգամ առաջարկել են դատավոր լինել, ես ասել եմ՝ կտաք 3 միլիոն դրամ, ես կհամաձայնվեմ. Գրիգոր Բեքմեզյան

Դատավորը չի կարող իր վարույթում 1000 գործ ունենալով բոլոր գործերը օբյեկտիվորեն ու անաչառ քննել: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը:

«Ինձ մի քանի անգամ առաջարկել են դատավոր լինել, ես ասել եմ՝ կտաք 3 միլիոն դրամ, ես կհամաձայնվեմ: Դատավորի աշխատանքը այնքան ծանր է, որ պետք է գնահատվի: Պետք է նաև ճշտել, թե որ դատավորը ինչպես է դարձել դատավոր»,-նշեց Բեքմեզյանը:

Իրավաբանի խոսքով՝  անցումային արդարադատության և վեթինգի դեպքում ապացուցման բեռը փոխանցվում է դատավորներին:

Բեքեմզյանը նշեց, որ անցումային արդարադատության անցկացման հետ կապված անհանգստություններ ունի, սակայն վստահ է, որ ամեն ինչ անցնելու է հարթ, քանի որ կա քաղաքական կամք և ցանկություն:

«Այստեղ գալուց ես Google-ում փորձեցի փնտրել, թե վեթինգը ինչ է: Ոչ մի նորմալ բան չեմ գտել, միայն Արգենտինայի  օրինակը գտա, որտեղ վեթինգը հաջողությամբ էր ավարտվել: Կարևոր է, թե պետությունը ինչ սկզբունքներ կդնի վեթինգի հիմքում: Միջազգային փորձը մեզ հուշում է, սակայն լուծում չի տալիս: Մենք ինքներս պետք է որոշենք, ու հասնենք մեր նպատակին: Վեթինգի նպատակը պետք է լինի դատավորներին թոթափել կոռուպցիոն բեռից, կոմպրոմատներից և նրանք կսկսեն նորմալ աշխատել»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին:

Այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ-ն քննարկում է ԲԴԽ անդամի թեկնածուի ընտրության հարցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել