Տեսչական մարմիններն առանց տնտեսվարող սուբյեկտներին նախազգուշացնելու կանցկացնեն ստուգումները

Կառավարության հերթական նիստին այսօր՝ հունիսի 13-ին գործադիրը հավանություն է տվել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տեսչական մարմնի կողմից չափագիտության ոլորտում իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացում:

«Առաջարկվում է վերացնել գործող օրենսդրությամբ չափագիտական վերահսկողություն իրականացնելու համար ստուգումը սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու մասին սահմանված պահանջը՝ հաշվի առնելով, որ տնտեսվարող սուբյեկտները, նախապես տեղեկանալով ստուգման մասին, սահմանված նորմերին, չափագիտական վերահսկողության ենթակա օբյեկտների թերությունները վերացնում են և պահանջվող նորմերին համապատասխանեցնում են միայն տվյալ օրը»,- նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարբերաբար ահազանգեր է ստանում բենզալցակայաններում ու գազալցակայաններում թերլցումների վերաբերյալ: «Փաստացի գործող կարգավորումները՝ մասնավորապես եռօրյա ծանուցման պահանջը, գործնականում անհնարին են դարձնում բացահայտել և արձանագրել այդ խախտումները: Առաջարկվող օրենքի փոփոխությամբ, փաստացի, կարողանում ենք այդ խոչընդոտները վերացնել»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել