Հունիսի 8-ին և 9-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձանռություն» ծրագրի շրջանակներում «Տեղական ժողովրդավարության զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվեց նպաստառու ընտանիքների շահերի պաշտպանության և նպաստառուների տեղեկացվածության խնդիրների վերաբերայլ աշխատաժողով:
Աշխատաժողովին մասնակցեցին ԱԺ պատգամավորներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ, Սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական աշխատողներ:
Կոնֆերանսն անցկացվեց «Տեղական ժողովրդավարության զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պաշտպանված նպաստառու ընտանիք և իրազեկ քաղաքացի» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է ԵՄ-ի ֆինանսավորմամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ կոնսորցիումի կողմից գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակներն են․
- նպաստառու ընտանիքների շահերի, նրանց անդամների իրավունքների պաշտպանության հարցում գործատուների, սոցիալական ոլորտի ներկայացուցիչների դերի գնահատումը՝ նպաստառու ընտանիքի անդամների աշխատանքի անցնելու հետ կապված խնդիրների հաղթահարման հարցում,
- նպաստառու ընտանիքների շահերի և նպաստառու քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերում իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված հիմնարար առաջարկների մշակումը,
- նպաստների համակարգի բարելավմանն ուղղված թիրախային առաջարկների մշակումը և պատկան մարմիններին ներկայացումը:
Կոնֆերանսի հիմնական զեկույցները կառուցված էին ծրագրի շրջանակներում իրականացված «Նպաստառու ընտանիքների շահերի պաշտպանության և նպաստառուների տեղեկացվածության խնդիրները» խորագրով հետազոտության արդյունքներով պատրաստված վերլուծական համապարփակ տեղեկանքի վրա: Զեկույցը հրապարակված է նաև www.lddrc.am կայքում:
Հետազոտության հիմնական նպատակը նպաստների համակարգի արդյունավետության գնահատումն էր՝ նպաստառու ընտանիքների անդամների՝ աշխատանքի անցնելու հանգամանքով պայմանավորված խնդիրների վերհանման և կայուն աշխատանք ունենալու հնարավորությունների համատեքստում: Այն իրականացվել է 2019թ. մարտ-ապրիլ ամիսներին Երևանում և Գյումրիում: Անցկացվել են խորին հարցազրույցներ սոցիալական ոլորտի ներկայացուցիչների, փորձագետների և գործատուների հետ, ինչպես նաև ֆոկուս խմբային քննարկումներ նպաստառու ընտանիքների մասնակցությամբ:
Կոնֆերանսի քննարկումների առանցքում նպաստների համակարգում առկա խնդիրներն էին: Մասնակիցները, հիմնվելով հետազոտության արդյունքների վրա, գնահատեցին համակարգի արդյունավետությունը, ինչպես նաև իրենց մոտեցումները ներկայացրեցին զեկույցում նշված՝ համակարգի բարելավմանն ուղղված առաջարկների իրատեսական լինելու առումով: