Ինչպե՞ս օգտվել բանկի անհատական պահատեղերից

Բանկը կարող է ի պահ ընդունել արժեթղթեր, թանկարժեք մետաղներ և քարեր, այլ թանկարժեք գույք ու այլ արժեքներ` ներառյալ փաստաթղթեր:

 

Բանկում արժեքների պահատվության պայմանագրի կնքումը հավաստվում է պահատուին բանկի կողմից անվանական պահպանական անդորրագիր հանձնելով, որը ներկայացնելը հիմք է պահվող արժեքները պահատուին վերադարձնելու համար:

 

Բացի այդ, բանկերը իրենց հաճախորդներին կարող են տրամադրել նաև անհատական պահատեղեր` նրանց արժեքավոր գույքը և այլ իրերը պահպանելու համար:

 

Բանկի անհատական պահատեղում արժեքների պահատվության պայմանագրով բանկը (պահառուն) հաճախորդին (պահատուին) բանկում տրամադրում է անհատական պահատեղ` արժեքների տեղադրման և պահպանման համար:

 

Բանկի անհատական պահատեղում արժեքների պահատվության պայմանագրով հաճախորդն իրավունք ունի առանց որևէ մեկի` ներառյալ բանկի, հսկողության արժեքներն անձամբ տեղադրել պահատեղում և հանել այնտեղից: Դրա համար հաճախորդին տրամադրվում են պահատեղից ինքնուրույն օգտվելու համար անհրաժեշտ միջոցներ:

 

Պայմանագրով կարող է նախատեսվել պահատեղում տեղադրված արժեքների հետ աշխատելու հաճախորդի իրավունքը:

 

Պահատեղի պահպանվածության խախտման դեպքում բանկն ազատվում է պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ առանց հաճախորդի գիտության անհնարին էր որևէ մեկի մոտենալը նրա անհատական պահատեղին, կամ դա հնարավոր է դարձել անհաղթահարելի ուժի հետևանքով:

 

Բանկի պահատեղում արժեքների պահատվության պայմանագրից ծագող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Քաղաքացիական օրենսգրքի` վարձակալության պայմանագրի մասին կանոնները:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել