Ոստիկանությունը ներկա դրությամբ Dodge Charger մակնիշի տրանսպորտային միջոցը չի գնել. հայտարարություն

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, սոցիալական ցանցերում քննադատություններ են հնչում ՀՀ ոստիկանության կողմից իբր Dodge Charger ավտոմեքենաներ գնելու կամ գնման նախապատրաստություն տեսնելու կապակցությամբ:

Առանձին քաղաքացիների մտահոգվելու տեղիք է տվել այն, որ նշված ավտոմեքենայի շարժիչի հզորությամբ պայմանավորված՝ վառելիքի ծախսը չհիմնավորված շատ է և հանգեցնելու է բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսի:

Հայտնում ենք, որ ոստիկանության նոր ստեղծվելիք պարեկային ծառայության համար տրանսպորտային միջոցների հնարավոր գնումը իրականացվելու է բացառապես մրցութային կարգով՝ մրցույթի բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների երաշխավորմամբ: Տեխնիկական առաջադրանքը նախագծվելու է չորս հիմնական բաղադրիչներով.

1. տրանսպորտային միջոցը շահագործող անձնակազմի անվտանգություն,

2. վառելիքի ծախս,

3. ավտոպարկի ընթացիկ սպասարկման և պահեստամասերի ձեռքբերման ծախսեր

4. ոստիկանական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական և տակտիկական հնարավորությունների առկայություն:

Ոստիկանությունը ներկա դրությամբ Dodge Charger մակնիշի տրանսպորտային միջոցը չի գնել: Հիշյալ ավտոմեքենան հայկական շուկայում տարածում չունի, ուստի որոշվել էր գործնական վարման եղանակով պարզել դրա հնարավորությունները, ինչն, ի դեպ, որևէ ծախսերի չի հանգեցրել:

Շարունակելով թափանցիկ գործելաոճը՝ ոստիկանությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի հանրությանը սպասվելիք կարևոր բարեփոխման ծրագրի ընթացքի և արդյունքների վերաբերյալ: Բարեփոխումները չեն սահմանափակվելու միայն նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերմամբ, այլ լինելու են խորքային՝ ենթադրելու են գործելակերպի, ոստիկանական մասնագիտական պատրաստվածության, ժամանակակից սպառազինության, տեխնիկական հագեցվածության, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման բոլորովին նոր աստիճան, որոնք, արդյունքում, համակարգաստեղծ փոփոխություններ են բերելու ամբողջ ոստիկանության համար՝ 5-10 տարվա հեռանկարում:

Շնորհակալություն ենք հայտնում մեր համաքաղաքացիներին՝ դրսևորած ուշադրության, սրտացավության և առանձին պրոֆեսիոնալ մեկնաբանությունների համար:
Վստահեցնում ենք, որ ոստիկանությունը որոշումներ ընդունելիս բացառապես ղեկավարվելու է ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման և հասարակական անվտանգության մակարդակի բարձրացման նկատառումներով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել