ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի մասին նոր օրենքի նախագիծ է ներկայացվել

Արդարադատության նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել նոր օրենքի նախագիծ, որով սահմանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի նշանակման կարգը, լիազորությունները և պաշտոնի հետ կապված այլ հարաբերություններ:

Լիազոր ներկայացուցչի պաշտոնը պետական վարչական պաշտոն է համարվելու։ Նա համակարգելու և վերահսկելու է իր գրասենյակի գործունեությունը:  Վերջինս իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է լինելու ցուցաբերել քաղաքական զսպվածություն:

Լիազոր ներկայացուցիչն իր պաշտոնավարումից հետո իրավասու չի լինի ներկայացնել կամ խորհրդատվություն տրամադրել որևէ անձի Եվրոպական դատարանում քննության փուլում գտնվող այն գործերի առնչությամբ, որոնք Եվրոպական դատարանից ստացվել են իր պաշտոնավարման ժամանակահատվածում կամ որոնցով Եվրոպական դատարանում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության շահերը։

Նա իրավասու չի լինի նաև Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնել այն գործով, որում ունի անձնական շահ կամ Եվրոպական դատարանում եղել է իբրև այդ գործով կողմի ներկայացուցիչ կամ փաստաբան կամ տրամադրել խորհրդատվություն կամ հանդես եկել որևէ այլ կարգավիճակով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ, նախագծով, կարող է նշանակվել 25 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին և անգլերենին կամ ֆրանսերենին տիրապետող անձը:

Նա նշանակվելու և ազատվելու է վարչապետի կողմից:

  1. Լիազոր ներկայացուցիչը՝
  • Հայաստանի Հանրապե­տութ­յան կառավարության դիրքորոշումը ներկայացնում է Եվրոպական դատարան.
  • գանգատ ներկայացրած կողմի հետ վարում է բանակցություններ` բարեկամական կարգավորման ձևով խնդրի լուծման նպատակով կամ հանդես գալիս միակողմանի հայտարարությամբ.
  • սեփական նախաձեռնությամբ կամ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա, անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց հետո, Եվրոպական դատարանում գործի քննությանը ներգրավվում է որպես երրորդ կողմ.
  • համակարգում է Եվրոպական դատարանի կողմից առանձին գանգատի առնչությամբ կիրառված միջանկյալ միջոցի պայմանների կատարման ընթացքը.
  • Եվրոպական դատարանի Պալատի վճիռը Եվրոպական դատարանի Մեծ պալատի քննությանը հանձնելու միջնորդություն է ներկայացնում.
  • իրականացնում է Եվրոպական դատարանի կանոնակարգով կողմին վերապահված այլ լիազորություններ։
  1. Լիազոր ներկայացուցիչն իրավասու է Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ներկայացնել միջպետական գանգատ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա։

Եվրոպական դատարանի վճռի կամ որոշման կատարման փուլում լիազոր ներկայացուցիչը`

  • համակարգում է Հայաստանի Հանրապե­տութ­յան վերաբերյալ վճռի կամ որոշումն կատարման գործընթացը.
  • առաջարկում է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարմանն ուղղված միջոցառումներ.
  • Նախարարների կոմիտեի քննարկմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարման առնչությամբ տեղեկատվություն.
  • կազմակերպում և համակարգում է Հայաստանի Հանրապե­տութ­յան վերաբերյալ վճռի կամ որոշման կատարման շրջանակ­ներում Նախարարների կոմիտեից ստացված հարցումներին պատասխանելու գործընթացը.
  • մասնակցում է Նախարարների կոմիտեի նիստերին.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարումից բխող այլ լիազորություններ։

Լիազոր ներկայացուցիչը հնարավորություն կունենա՝

  • ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենքներում կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու կամ նոր իրավական ակտերի նախագծերի առաջարկներ.
  • մինչև մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ընդունումը դրանց վերաբերյալ ներկայացնել գրավոր կարծիք.
  • համագործակցել ուսումնակրթական հաստատությունների, ինչպես նաև իրավասու մարմինների հետ՝ վերջիններիս ուսումնական և վերա­պատ­­րաստման ծրագրերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների առնչությամբ դասընթացների ներառ­ման նպատակով.
  • ուսումնասիրել համապատասխան ոլորտների իրավական պրակտի­կան և անհրաժեշտության դեպքում հանդես գալ բարելավ­ման և մարդու իրավունքների միջազգային և եվրոպական իրավական չափանիշներին համապատասխանեցման վերաբերյալ առաջարկութ­յուն­ներով։

Լիազոր ներկայացուցիչն իրավասու կլինի նաև՝

  • իր լիազորությունների շրջանակներում առաջարկել ստեղծել աշխատանքային խումբ, որի կազմում կարող են ընդգրկվել իրավասու մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև իր լիազորություններն իրականացնելիս ներգրավել փորձագետներ և մասնագետներ, այդ թվում՝ գիտական կամ այլ հաստատություններից.
  • համագործակցել միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ.
  • խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին.
  • առաջարկել կոնկրետ գործով (ad hoc) Եվրոպական դատարանի դատավորների թեկնածուներին.
  • Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության շահերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային այլ ատյաններում:

 Ընդունման դեպքում օրենքը ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից։

Սահմանվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի աշխատավարձի դրույքաչափը: Աշխատավարձը կկազմի 694 հազար 470 դրամ:

Նշենք նաև, որ ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչը այս պահին Եղիշե Կիրակոսյանն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել