Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է տիկին Թրեյսինն կառավարությունում, շնորհավորել նրան նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ դիվանագիտական աառքելության մեջ: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ գործընկերության շարունակական զարգացումն ու ընմդլայնումը, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում: Գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը հաստատակամորեն շարժվում է ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և խոսքի ազատության  ուղղությամբ ու կարևոր համարել նշված ոլորտներում ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Լին Թրեյսին նշել է, որ իր համար պատիվ է հանդիպել վարչապետ Փաշինյանին և վերահաստատել ԱՄՆ-ի ամուր աջակցության հանձնառությունն ինքնիշխան Հայաստանին՝ ժողովրդավարական օրակարգի, հակակոռուպցիոն ջանքերի, տնտեսական ու տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային անվտանգության խնդիրների շուրջ շարունակական  համագործակցության հարցերում:  Տիկին Թրեյսին վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ նպաստելու նաև երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Լին Թրեյսին մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել