Արթուր Ղաբարյանը դիմել է Փաստաբանների պալատ՝ վերականգնելու փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Արթուր Ղամբարյանը հայցադիմում է ներկայացրել՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 06.02.2019թ թիվ 3/4-Ա որոշման 4-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Հայցադիմումում ասվում է.
I.Գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները
1. 31.01.2019թ. դիմել եմ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդ հետևյալ խնդրանքով՝ 1) վերականգնել փաստաբանական գործունեության թիվ 1759 արտոնագրի գործողությունը. 2) տրամադրել արտոնագրի կրկնօրինակը. 3) ազատել վերապատրաստման դասերից՝ նկատի ունենալով, որ դասավանդում եմ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում[1]:
2. ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը 06.02.2019թ. թիվ3/4-Ա որոշմամբ սահմանել է. «Փաստաբան Ա. Ղամբարյանը պարտավոր է 32 ամսվա ընթացքում իր հաշվին լրացուցիչ անցնել վերապատրաստման դասընթաց՝ 104 ակադեմիական ժամ ժամաքանակով (կասեցված յուրաքանչյուր ամսվա համար 2 ակադեմիական ժամ՝ 52*2) ըստ ժամանակացույցի»:
3. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 06.02.2019թ. թիվ3/4-Ա որոշման՝ «Վերապատրաստման դասընթացից ազատելու հարցի վերաբերյալ» բաժնում սահմանված է. «Փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու ընթացակարգը … կարգավորվում է Պալատի խորհրդի 18.12.2014թ. 35/8-լ որոշմամբ հաստատված՝ «Փաստաբանների վերապատրաստման կարգի» դրույթներով: Այդ կարգի 16-րդ կետի համաձայն՝ արտոնագիրը վերականգնած փաստաբանը պարտավոր է իր հաշվին լրացուցիչ անցնել վերապատրաստման դասընթացներ՝ կասեցված յուրաքանչյուր ամսվա համար 2 ժամ ժամաքանակով: Դասընթացներ անցնելու ժամանակաշրջանը սահմանում է ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը:
Փաստաբանների վերապատրաստման կարգի վերոնշյալ դրույթը փաստաբանի համար նախատեսում է պարտականություն Պալատի խորհրդի սահմանած ժամանակաշրջանում իր հաշվին լրացուցիչ անցնելու վերապատրաստման դասընթացներ: Լրացուցիչ վերապատրաստման դասընթացներից ուսումնական հաստատությունում աշխատելու կամ որևէ այլ հիմքով ազատելու հնարավորություն Փաստաբանների վերապատրաստման կարգով նախատեսված չէ (ընդգծումը՝ Ա.Ղ.)»:
II.Պահանջի իրավական հիմքերը և հիմնավորումները.
ՀՀ Սահմանադրություն
Հոդված 31. Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի … պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:
Հոդված 39. Մարդու ազատ գործելու իրավունքը
Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
Հոդված 79. Որոշակիության սկզբունքը
Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
ՍԴՈ–753, 13 մայիսի, 2008 թ.
9. …. Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
5) անհատական իրավական ակտ` նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետևանքներ և վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձին կամ անձանց.
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենք
Հոդված 19. Փաստաբանի հիմնական պարտականությունները
Փաստաբանը պարտավոր է՝
4.1) սահմանված կարգով և ժամաքանակով մասնակցել սույն օրենքով նախատեսված վերապատրաստման դասընթացներին.
Հոդված 38. Արտոնագրի գործողության կասեցումը
9. Արտոնագիրը վերականգնած փաստաբանը պարտավոր է անցնել վերապատրաստման դասընթացներ` փաստաբանների պալատի խորհրդի սահմանած ժամաքանակով:
Հոդված 39.9. Փաստաբանի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. Փաստաբանի կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո փաստաբանների պալատի խորհուրդը կարող է փաստաբանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.
3) մասնակցել լրացուցիչ վերապատրաստման դասընթացների. …:
Հոդված 39.2
1. Փաստաբանը և դիմողը սույն օրենքով սահմանված կարգով հավասար իրավունքներ ունեն`… 11) դատական կարգով բողոքարկելու փաստաբանների պալատի նախագահի և փաստաբանների պալատի խորհրդի որոշումները:
Հոդված 45.12. Փաստաբանների վերապատրաստման կազմակերպումը
2. Փաստաբանը պարտավոր է անցնել փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով և ժամաքանակով վերապատրաստման դասընթացներ, որոնք չեն կարող երկու տարվա ընթացքում քառասունութ ժամից պակաս լինել:
«Փաստաբանների վերապատրաստման կարգի» (18.12.2014թ. 35/8 Լ որոշում) 16-րդ կետ՝
«Արտոնագիրը վերականգնած փաստաբանը պարտավոր է իր հաշվին լրացուցիչ անցնել վերապատրաստման դասընթացներ՝ կասեցված յուրաքանչյուր ամսվա համար 2 ժամ ժամաքանակով: Փաստաբանի հաշվին լրացուցիչ վերապատրաստման դասընթացներ անցնելու ժամանակաշրջանը սահմանում է ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը»:
Հիմնավորումներ
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 06.02.2019թ. թիվ3/4-Ա որոշման 4-րդ կետով՝ հայցվորի վրա «լրացուցիչ վերապատրաստում» ձևակերպմամբ օրենքով չնախատեսված պարտականություն դնելով, և կարգապահական խախտում թույլ տված փաստաբանի և արտոնագիրը վերականգնած փաստաբանի համար լրացուցիչ վերապատրաստման համար միասնական կարգ սահմանելով, խախտվում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված հայցվորի պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը և 39-րդ հոդվածով ամրագրված՝ ազատ գործելու իրավունքը:
1. Արտոնագիրը վերականգնած փաստաբանի համար օրենքով նախատեսված է լրացուցիչ վերապատրաստում անցնելու պարտականություն
ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածում սահմանված է, որ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Այս հոդվածից բխում է, որ մարդու վրա պարտականություն կարող է դրվել բացառապես օրենքով: Բանն այն է, որ անձի վրա իրավաբանական պարտականություն դնելով սահմանափակվում է նրա ազատ գործելու սահմանադրական իրավունքը, ուստի Սահմանադիրը հանրային իրավունքի իրավաբանական անձանց պարտավորեցնում է մարդու համար պարտականություններ սահմանել բացառապես օրենքով՝ համաչափության և որոշակիության սահմանադրական սկզբունքների պահպանմամբ:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածում սահմանված է, որ փաստաբանը, ի թիվս այլոց, պարտավոր է անցնել օրենքով նախատեսված վերապատրաստում: Ընդ որում, օրենսդիրն արտոնագրի գործողությունը վերսկսած փաստաբանների համար հատուկ ընդգծում է վերապատրաստման դասընթացներ անցնելու պարտականությունը (Օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ կետ): Նշված դրույթներում նախատեսված չէ լրացուցիչ վերապատրաստում անցնելու մասին որևէ պարտականություն: Խորհուրդը իր ներքին կամ անհատական ակտով իրավասու չէ փաստաբանի վրա դնելու օրենքով չնախատեսված պարտականություններ:
Օրենքի 19-րդ և 38-րդ հոդվածներով սահմանել է վերապատրաստում անցնելու պարտականությունը: Օրենքի 38-րդ հոդվածը 19-րդ հոդվածի համեմատության հատուկ նորմ է: Օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ կետը Խորհրդին լիազորել է ընդհանուր նորմի (19-րդ հոդվածի) համեմատությամբ սահմանել մեկ առանձնահատկություն՝ ժամաքանակի մասով: Խորհուրդը՝ վերապատրաստում անցնելու ընդհանուր պարտականությունից՝ արտոնագիրը վերականգնած փաստաբանի վերապատրաստման համար այլ առանձնահատկություններ սահմանելու լիազորություն Օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ կետով չունի: Արտոնագիրը վերականգնած փաստաբանի վերապատրաստման համար այլ առանձնահատկություն նախատեսված չէ նաև Օրենքի 45.12 հոդվածով:
Արտոնագիրը վերականգնած փաստաբանը պարտավոր է անցնել վերապատրաստման դասընթացներ, որն ընդհանուր վերապատրաստման կարգի համեմատությամբ կարող է ունենալ տարբերվող ժամաքանակ: Տվյալ դեպքում՝ Խորհուրդը իրավասու չէ հայցվորի վրա դնել «լրացուցիչ վերապատրաստում անցնելու» ձևակերպմամբ օրենքով չնախատեսված պարտականություն: Հայցվորը պետք է վերապատրաստում անցնի ընդհանուր կարգով՝ որոշակի ժամաքանակի առանձնահատկություններով:
Խորհուրդը իր ներքին կամ անհատական իրավական ակտերում արտոնագիրը վերականգնած փաստաբանի՝ վերապատրաստում անցնելու պարտականությունը ձևախեղել է «լրացուցիչ վերապատրաստման» ռեժիմ սահմանելով: Այս պարագայում խնդիրը ոչ թե զուտ իրավական տեխնիկայի կանոնների խախտումն է կամ իրավական հասկացությունների ոչ ճիշտ գործածությունը, այլև այն, որ մարդու վրա դրվում է օրենքով չնախատեսված պարտականություն, որը տվյալ դեպքում հանգեցրել է նաև հայցվորի պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի խախտման: Բանն այն է, որ Օրենքով լրացուցիչ վերապատրաստում անցնելը դիտվում է բացառապես որպես կարգապահական տույժ, որը նշանակվում է կարգապահական խախտում թույլ տված փաստաբանի նկատմամբ:
2. Օրենքի իմաստով «լրացուցիչ վերապատրաստում (որպես տույժ)» ձևակերպմամբ պարտականություն հայցվորին վերագրելը նրա պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի խախտում է
Լեզվաբանական առումով պատիվն արժանիքների համար մեկի վայելած հարգանքն է, լավ անունը[2], իսկ համբավը նշանակում է հռչակ, ճանաչում, գնահատում, համարում[3]: Իրավաբանական տեսանկյունից պատիվը մարդու ոչ նյութական բարիքն է, որն արտահայտվում է հասարակության կողմից նրան տված դրական գնահատականում՝ պայմանավորված յուրահատուկ հատկանիշներով: Այլ կերպ ասած՝ պատիվն անձի հատկանիշների արտացոլումն է հասարակական գիտակցության մեջ, որը զուգորդվում է հասարակության դրական գնահատականով[4]: Կարծում ենք՝ բարի համբավը նույն պատիվն է, պարզապես հասարակական գնահատման առարկան մարդու հասարակական նշանակության հատկանիշներն են:
Օրենքով նախատեսված են «վերապատրաստում» և «լրացուցիչ վերապատրաստում» իրավական հասկացությունները, որոնք ունեն էապես տարբեր իրավական բնույթ: Օրենքի իմաստով՝ վերապատրաստումը փաստաբանի պարտականությունն է, որի նպատակը փաստաբանների հմտությունների, գիտելիքների և մասնագիտական պատրաստվածության բարձրացումն է (Օրենքի 19-րդ, 38-րդ հոդվածներ): Օրենքի իմաստով՝ լրացուցիչ վերապատրաստման դասընթացին մասնակցելը կարգապահական տույժի տեսակ է (Օրենքի 39.9.-րդ հոդված):
1.1. Օրենքի իմաստով լրացուցիչ վերապատրաստումը կարգապահական տույժ է: Այլ կերպ ասած՝ օրենսդիրը կանխորոշել է լրացուցիչ վերապատրաստման իրավական ռեժիմը, այն դիտելով որպես կարգապահական տույժի տեսակ, որը կարող է կիրառվել կարգապահական խախտում կատարելու հիմքով: Խորհուրդը՝ որպես հանրային իրավունքի իրավաբանական անձի մարմին, իրավասու չէ ոչ ներքին իրավական ակտերով, ոչ էլ անհատական ակտով փոխելու օրենսդրի կողմից կանխորոշված լրացուցիչ վերապատրաստման իրավական ռեժիմը:
Ի դեպ՝ ՀՀ օրենսդրությամբ «Լրացուցիչ վերապատրաստում» ձևակերպումը, ընդհանուր առմամբ, կապվում է բացասական վարքագծի կամ պաշտոնատար անձի ոչ բավարար գիտելիքները լրացնելու հետ: Այսպես՝ ՀՀ իրավական համակարգում արդարադատության ոլորտի այլ սուբյեկտների կարգավիճակը սահմանող օրենքներով նախատեսված է հիմնականում բացասական լրացուցիչ վերապատրաստման ինստիտուտ: Բացասական լրացուցիչ վերապատրաստումն առկա է, երբ այն համարվում է պաշտոնի համապատասխանության պայման: Օրինակ՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն՝ Որակավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝ 1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին. … 3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով: Այս կարգավորումից բխում է, որ դատախազը լրացուցիչ վերապատրաստում է անցնում, երբ պաշտոնի համապատասխանության հարցը վերջնական չէ, և առկա է կասկած, որ նա իր մասնագիտական ունակություններով ամբողջությամբ չէ որ համապատասխանում է այդ պաշտոնին[5]:
1.2. «Փաստաբանների վերապատրաստման կարգի» (18.12.2014թ. 35/8 Լ որոշում) իմաստով՝ նախատեսված լրացուցիչ վերապատրաստման ռեժիմը: «Փաստաբանների վերապատրաստման կարգի (այսուհետ՝ Կարգ)» 16-րդ կետի համաձայն՝ «Արտոնագիրը վերականգնած փաստաբանը պարտավոր է իր հաշվին լրացուցիչ անցնել վերապատրաստման դասընթացներ՝ կասեցված յուրաքանչյուր ամսվա համար 2 ժամ ժամաքանակով: Փաստաբանի հաշվին լրացուցիչ վերապատրաստման դասընթացներ անցնելու ժամանակաշրջանը սահմանում է ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը»: Կարգի 9-րդ, 17-րդ, 18-րդ, 22-րդ, 30.5-րդ կետերում հետևողականորեն օգտագործվում է «լրացուցիչ վերապատրաստում» ձևակերպումը: Ինչպես նկատում ենք, Կարգում արմատապես փոխվել է օրենքով նախատեսված՝ լրացուցիչ վերապատրաստման (որպես տույժի) իրավական ռեժիմը: Եթե օրենսդիրն այն դիտել է որպես կարգապահական տույժի տեսակ, ապա Խորհուրդը, դուրս գալով իր լիազորություններից, արտոնագիրը վերականգնած փաստաբանի համար օրենքով նախատեսված վերապատրաստում անցնելու պարտականությունը ձևակերպել է «լրացուցիչ վերապատրաստում» բացասական ընկալում ունեցող ձևակերպմամբ:
Այսպիսով՝ Խորհուրդը վիճարկվող իրավական ակտում օգտագործել է «լրացուցիչ վերապատրաստում» ձևակերպումը, որը Օրենքի համատեքստում ընկալվում է որպես կարգապահական տույժ, դրանով իսկ կասկածի տակ դնելով իրավաչափ վարքագիծ դրսևորած փաստաբանի պատիվը և բարի համբավը:
Ընդ որում՝ Խորհուրդը վիճարկվող իրավական ակտերում ոչ միայն պարզապես օգտագործել է արտոնագիրը վերականգնած փաստաբանի պատվի և բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը խաթարող ձևակերպում, այլև սահմանել է կարգապահական տույժի ենթարկված փաստաբանի լրացուցիչ վերապատրաստման և արտոնագիրը վերսկսած փաստաբանի վերապատրաստման (Խորհրդի տերմինաբանությամբ՝ լրացուցիչ վերապատրաստման) միասնական կարգ:
Առաջին՝ արտոնագիրը վերականգնած և կարգապահական տույժ ստացած փաստաբանների համար լրացուցիչ վերապատրաստում անցնելու համար նախատեսված է վճարովիության միասնական չափ: Խորհրդի 05.02.2014թ. թիվ 3/8-Լ որոշման 3-րդ կետի համաձայն՝ «Փաստաբանի’ որպես կարգապահական տույժ կիրառվող լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին, ինչպես նաև կասեցված արտոնագիրը վերականգնելուց հետո վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ վճարի չափը 1 (մեկ) ակադեմիական ժամի համար սահմանել 1.000 (հազար) ՀՀ դրամ»: Ստացվում է, որ Խորհուրդը՝ կարգապահական խախտում թույլ տված փաստաբանի և արտոնագիրը վերականգնած փաստաբանի լրացուցիչ վերապատրաստման համար սահմանել է միասնական վճարման չափ՝ փաստացի (նյութական սահմանափակման տեսանկյունից) արտոնագիրը վերականգնած փաստաբանի համար լրացուցիչ վերապատրաստումը հավասարեցնելով կարգապահական տույժի հետ:
Երկրորդ՝ արտոնագիրը վերականգնած փաստաբանին լրացուցիչ վերապատրաստումը կարգապահական խախտում կատարած փաստաբանի լրացուցիչ վերապատրաստմանը (որպես տույժ) հավասարեցնելու մասին է վկայում նաև Կարգի 17-րդ կետում նախատեսված հետևյալ դրույթը. «Սույն կետում նշված կանոնները կիրառվում են նաև լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու ձևով կարգապահական տույժի ենթարկված փաստաբանների նկատմամբ»:
Երրորդ՝ արտոնագիրը վերականգնած փաստաբանի և կարգապահական խախտում կատարած փաստաբանի լրացուցիչ վերապատրաստումը, ամենայն հավանականությամբ, իրականացվում է նաև նույն խմբերով և նույն առարկաների դասավանդման շրջանակում:
Միայն իրավական նիհիլիզմի կամ իրավաբանական մտածողության ձևախեղման դեպքում է հնարավոր իրավաչափ և ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորած փաստաբանների նկատմամբ կիրառել նույն իրավական ձևակերպումը և բովանդակային առումով նույն իրավական գործիքը:
Այսպիսով՝ Խորհրդը, վիճարկվող իրավական ակտում հայցվորի՝ վերապատրաստում անցնելու պարտականությունը՝ «լրացուցիչ վերապատրաստում» ձևակերպմամբ ձևախեղելով և կարգապահական խախտում թույլ տված փաստաբանի և արտոնագիրը վերականգնած փաստաբանի համար լրացուցիչ վերապատրաստման միասնական կարգ սահմանելով, խաթարել է բարեխիղճ փաստաբանի պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը:
3. Խորհրդի 06.02.2019թ. թիվ3/4-Ա անհատական որոշման 4-րդ կետի նորմատիվ-իրավական հիմքերի անորոշությունը
«Նորմատիվ-իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ անհատական իրավական ակտ` նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետևանքներ և վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձին կամ անձանց: Այս նորմից բխում է, որ ցանկացած անհատական ակտ պետք է հիմնվի նորմատիվ իրավական ակտի վրա:
Խորհուրդը, 06.02.2019թ. թիվ3/4-Ա անհատական որոշումը կայացնելիս, ղեկավարվել է Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 11-րդ կետով, որը վերաբերում է փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելուն կամ վերականգնելուն (թիվ3/4-Ա 2-րդ կետի նորմատիվ հիմքն է): Խորհրդի թիվ3/4-Ա անհատական որոշման մեջ վկայակոչված չէ լրացուցիչ վերապատրաստում անցնելու անհատական որոշման նորմատիվ իրավական հիմքը: Թիվ3/4-Ա անհատական որոշման 4-րդ կետի նորմատիվ հիմքերի տեսանկյունից՝ նույնպես անհասկանալի է, թե հայցվորին «լրացուցիչ վերապատրաստում» ձևակերպմամբ պարտականություն սահմանելիս Խորհուրդը ղեկավարվել է Օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով, որը նախատեսում է արտոնագիրը վերականգնած փաստաբանի՝ վերապատրաստում անցնելու պարտականությունը (այս հոդվածում՝ «լրացուցիչ» ձևակերպումը նախատեսված չէ), թե՞ Օրենքի 39.9-րդ հոդվածով, որտեղ լրացուցիչ վերապատրաստումը կարգապահական տույժի տեսակ է:
Ընդ որում՝ Կարգի 2-րդ կետում նույնպես Օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասի վրա հղում արված չէ, որից առավել պարզ կլիներ, որ այդ կարգը վերաբերում է նաև արտոնագիրը վերականգնած փաստաբանի՝ վերապատրաստում անցնելուն:
Այսպիսով, Թիվ 3/4-Ա անհատական որոշման 4-րդ կետի նորմատիվ հիմքերի անորոշության պայմաններում հայցվորի վերապատրաստում անցնելու պարտականությունը՝ որպես «լրացուցիչ վերապատրաստում» ձևակերպմամբ ներկայացնելու դեպքում շատ ավելի բարձր է այն որպես կարգապահական տույժի ընկալումը, ինչը խաթարում է հայցվորի բարի համբավը:
III. Տեղեկություններ գործողությունները վերադասության կարգով բողոքարկելու վերաբերյալ: Դատական կարգով վիճարկվող ակտը վերադասության կարգով չի բողոքարկվել:
IV. Փաստաբանական պալատի խորհրդի անհատական ակտը վիճարկելու վերաբերյալ գործերի ընդդատության խնդիրը:
Խորհրդի ակտերը վիճարկելու վերաբերյալ գործերի ընդդատությունը և քննության դատավարական կարգի հիմնախնդիրն ունի լուծման այլընտրանքային երկու տարբերակ:
Առաջին՝ «Պալատ-փաստաբան» փոխհարաբերությունները հանրային իրավահարաբերություններ են, ուստի դրանցի բխող գործերը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի ուժով ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին:
ՀՀ վարչական դատարանի առարկայական ընդդատության կանոնը նախատեսված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասում, որի համաձայն՝ է. «Վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը …»: Այս նորմն առարկայական ընդդատության սահմանող հատուկ դրույթ է, ուստի ընդդատության հարցի լուծման տեսանկյունից, այլ նորմեր, օրինակ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, կիրառելի չեն, քանի որ դրանց կարգավորման առարկաները էապես տարբեր են:
Եթե սուբյեկտների միջև ծագած հարաբերությունները հանրային իրավական են, ապա դրանցի բխող գործերը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի կատեգորիկ պահանջի ուժով, ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի տեսանկյունից սկզբունքային նշանակություն ունի այն, թե «Պալատ-փաստաբան» փոխհարաբերությունները հանրային իրավահարաբերություններ են, թե՞ մասնավոր իրավահարաբերություններ:
Կարծում ենք, որ պալատի ու փաստաբանի փոխհարաբերությունների զգալի մասը հանրային իրավահարաբերություններ են: Այսպես՝ ՀՀ փաստաբանների պալատը օրենքի հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է: Փաստաբանների պալատի (այսուհետ՝ Պալատ) խնդիրներն են` 1) պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում. 2) կազմակերպել փաստաբանների արտոնագրման գործընթացը. 3) կազմակերպել փաստաբանի ունկնդիրների մասնագիտական ուսուցումը և փաստաբանների վերապատրաստումը. 4) վերահսկողություն իրականացնել իր անդամների կողմից սույն օրենքի, … կատարման նկատմամբ. 5) միջոցներ ձեռնարկել փաստաբանության հեղինակության բարձրացման ուղղությամբ. … 7) նպաստել հանրային իրավագիտակցության և իրավական մշակույթի բարձրացմանը (Օրենքի 7-րդ հոդված 1-ին և 2-րդ մասեր): Օրենքից հստակ երևում է որ Պալատը իրականացնում է հանրային-իրավական գործառույթներ: Հանրային իրավական բնույթի գործառույթ է նաև փաստաբանի վերապատրաստման գործընթացի կազմակերպումը:
«Պալատ-փաստաբան» հարաբերությունների հանրային իրավական բնույթի մասին է վկայում մի կողմից՝ նրանց միջև մասնավոր գործարքի (պայմանագրի) բացակայությունը, մյուս կողմից՝ ենթակայության, վերահսկողական բնույթի հարաբերությունների առկայությունը: Պալատը իրավասու է փաստաբանների համար սահմանել պարտադիր կատարման ենթակա ներքին իրավական ակտեր, Պալատի մարմինները իրավասու են փաստաբանի նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ: Ավելին, արտոնագրման գործընթացի կազմակերպումը դասական հանրային իշխանական գործառույթ է, որը պետությունը, ելնելով փաստաբանների անկախության ապահովման նպատակից, փոխանցել է Պալատին: Այլ կերպ ասած՝ Պալատի գործառույթների մի զգալի մասը պետական գործառույթներ են (Ինչպես ՀՀ կենտրոնական բանկի դեպքում է):
Իրավական ռեալիզմի տեսանկյունից՝ ՀՀ փաստաբանների պալատը հանրային իրավունքի իրավաբանական անձ է, և որպես այդպիսին հավասարեցվում է պետական մարմնի հետ (որպես իրավական ֆիկցիա), իսկ նրա ընդունած ակտերը վարչական ակտեր են[6]: Ռուսական իրավագիտության մեջ նույնպես ընդունված է, որ փաստաբանական պալատը հանրային իրավունքի իրավաբանական անձ է[7] և իրականացնում է հանրային-իրավական գործառույթներ[8]:
Ի տարբերություն մասնավոր իրավունքի իրավաբանական անձանց, ովքեր հիմնադրվում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից, Պալատը ստեղծվում է օրենքի հիման վրա (տե՛ս Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մաս), ինչը նշանակում է, որ Պալատը, ինչպես և մյուս պետական մարմինները, հիմնադրվել են պետության կողմից: Առանձին պետական մարմիններ նույնպես ստեղծվում են օրենքի հիման վրա (տե՛ս «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված):
Պալատի և փաստաբանի փոխհարաբերությունները որպես մասնավոր իրավահարաբերություն որակելը և դրանց նկատմամբ մասնավոր իրավունքի և քաղաքացիական դատավարության ռեժիմը տարածելը, փաստաբանին զրկում է հանրային իրավահարաբերություններին բնորոշ իրավական պաշտպանության նվազագույն միջոցներից:
1) Հայրենական իրավագիտությունում վերջին ժամանակներս ընդհանուր ճանաչում է ստացել այն ճշմարտությունը, ըստ որի՝ ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իրավունքների հասցեատերերը բացառապես հանրային իշխանության մարմիններն են և դրանց հավասարեցված (որպես իրավական ֆիկցիա) հանրային իրավունքի իրավաբանական անձինք[9]: Մասնավոր իրավունքի իրավաբանական անձը մարդու սահմանադրական իրավունքի կրող է, բայց ոչ հասցեատեր: Եթե Պալատը դիտարկվում է որպես մասնավոր իրավունքի իրավաբանական անձ, ապա նա կաշկանդված չի (սահմանափակված չէ) օրինակ՝ մարդու պատշաճ վարչարարության իրավունքով, տեղեկատվություն ստանալու իրավունքով: Թեև Պալատի գործառույթները հանրային իրավական բնույթ ունեն, սակայն նրան մասնավոր իրավունքի իրավաբանական անձ դիտելով, ըստ էության, փաստաբանը զրկվում է իր սահմանադրական իրավունքները վկայակոչելու հնարավորությունից:
2) Պալատի հանրային իրավական բնույթի ակտերը քաղաքացիական դատավարության կարգով վիճարկելը փաստաբանին դնում է անբարենպաստ վիճակում, նա զրկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված մի շարք դատավարական առավելություններից և հնարավորություններից: Օրինակ՝ Պալատի ակտը քաղաքացիական դատավարության կարգով վիճարկելու դեպքում հայցվորը զրկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված՝ «Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը» դրույթի կիրառման հնարավորությունից, ապացուցման իրավունքում նախատեսված մի շարք բարենպաստ ռեժիմներից:
Այսպիսով, եթե ընդունելի է, այն որ «Պալատ-փաստաբան» փոխհարաբերությունները հանրային իրավական բնույթի են, իսկ Պալատը հանրային իրավունքի իրավաբանական անձ է, որը հավասարեցվում է պետական մարմնին, ապա Պալատի խորհրդի իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ գործերն ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին:
Երկրորդ՝ Պալատը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չէ, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի տեսանկյունից, Պալատի ակտը վարչական ակտ չէ, և այն վարչական դատավարության կարգով չի կարող վիճարկվել: Նման ծայրահեղ ֆորմալիստական մոտեցում ցուցաբերելու հետևանքով, ըստ էության, մերժվում է Պալատի և փաստաբանի փոխհարաբերությունների հանրային իրավական բնույթը, Պալատի՝ որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ համարվելու հայեցակարգը, որի հետևանքով՝ Խորհրդի ակտերի վիճարկման դատավարական ձևի հարցում ծագում է իրավական անորոշություն, որը պայմանավորված է այս խումբ գործերի քննության կարգի հարցում առկա օրենսդրական բացով:
Այսպես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածից բխում է, որ ֆիզիկական անձը ՀՀ վարչական դատարան կարող է դիմել միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած վարչական ակտերի վիճարկման հայցերով: Այս մոտեցման դեպքում Պալատը դիտարկվում է պարզապես մասնավոր իրավաբանական անձ է, ուստի նրա դեմ վարչական հայց չի կարող ներկայացվել:
Միևնույն ժամանակ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում Փաստաբանների պալատի խորհրդի անհատական ակտերի վիճարկումը՝ որպես իրավունքների պաշտպանության եղանակ, նախատեսված չէ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նույնպես նախատեսված չէ հանրային իրավունքի իրավաբանական անձի անհատական ակտերի (բացառությամբ աշխատանքային հարաբերություններին վերաբերող ակտերի) վիճարկման հատուկ դատավարական կարգ: Ավելին, ինչպես նշվեց, հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերն ընդդատյան են վարչական դատարանին:
Եթե ղեկավարվում ենք այս տարբերակով՝ ապա պետք է ընդունել, որ գործող պոզիտիվ իրավունքում Պալատի Խորհրդի հանրային բնույթի անհատական ակտերի վիճարկման դատավարական կարգի հարցում առկա է օրենսդրական բացը. Վիճելի իրավահարաբերության բնույթի տեսանկյունից այս գործն ընդդատյա չէ քաղաքացիական դատարանին, այլ ընդդատյա է վարչական դատարանին, իսկ վարչական ակտն ընդունելու սուբյեկտի տեսանկյունից, այս հայցը չի կարող ներկայացվել ՀՀ վարչական դատարան: Օրենսդրական բացը փաստաբանին զրկում է Պալատի Խորհրդի ակտերի դեմ դատական պաշտպանության իրավունքից:
ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ–864, 5 փետրվարի, 2010 թ. «6. …. Իրավակարգավորման նշված բացը, սակայն, պայմանավորված է ոչ թե ինքնին օրենսգրքի վիճարկվող դրույթներով, այլ դատական կարգով վարչական պատասխանատվության ինստիտուտի ոչ ամբողջական իրավակարգավորմամբ, որի հաղթահարումը ՀՀ Ազգային ժողովի իրավասության հարցն է։ Իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է։ Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»։
Տվյալ դեպքում, թեև ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.2-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով երաշխավորված է փաստաբանների պալատի նախագահի և փաստաբանների պալատի խորհրդի որոշումները դատական կարգով բողոքարկելու նյութական իրավունքը (Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դրանք անմիջականորեն գործող իրավունքներ են), սակայն օրենսդրությամբ Խորհրդի՝ հանրային-իրավական բնույթի ակտերը փաստաբանի կողմից բողոքարկելու դեպքում հայցի քննության դատավարական ձևի հարցը մնում է անորոշ:
Բոլոր դեպքերում՝ նկատի ունենալով, որ հանրային իրավական գործառութային տեսանկյունից Պալատը՝ նման է հանրային իշխանության մարմիններին՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ Պալատի խորհրդի հանրային-իրավական բնույթի ակտերը նման են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ակտերին, ինչպես նաև հաշվի առնելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում արգելված չէ օրենքի անալոգիայի կիրառումը, ուստի «Նորմատիվ-իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի կարգով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ վարչական ակտը վիճարկելու դատավարական նորմերն անալոգիայի կարգով անհրաժեշտ է կիրառել Պալատի Խորհրդի հանրային բնույթի անհատական ակտը վիճարկելու հարաբերությունների նկատմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
V. Հայցվորի պահանջը.
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.2 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով՝
Խնդրում եմ
Վերացնել ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդի 06.02.2019թ թիվ 3/4-Ա որոշման 4-րդ կետը:
VI.Կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
Պպետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդի 06.02.2019թ թիվ 3/4-Ա որոշման պատճենը
Հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին ուղարկելը հավաստող ապացույցները:
Հայցադիմումում ընդգրկված հղումները՝

[1] Հայցվորը կարծում է, որ ցանկացած մասնագետ, անկախ գիտական կոչման և գիտական աստիճանի, կարիք ունի վերապատրաստման և ինքնազարգացման և պլանավորում է սեփական նախաձեռնությամբ մասնակցել փաստաբանների ընդհանուր վերապատրաստման ծրագրով նախատեսված մի շարք դասընթացների, օրինակ՝ փաստաբանական դեոնթոլոգիա, փաստաբանական տակտիկա և այլն:

[2] Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան: Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ։ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երեւան, 1980, էջ 172։

[3] Աղայան Է. Արդի հայերենի բացատրական բառարան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976, էջ 806։

[4] Эрделевский А.М. Компенсация морального вреда: анализ и комментарий законодательства и судебной практики. ВолтерсКлувер. 2004. М., 1996. с.16.

[5] ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է նաև դրական լրացուցիչ վերապատրաստման տեսակը: Օրինակ՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով 19-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Գործնական անհրաժեշտությամբ պայմանավորված (ընդգծումը՝ Ա.Ղ.)՝ Ուսումնական հարցերի հանձնաժողովը, Բարձրագույն դատական խորհուրդը, գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի նախագահը, հատուկ քննչական ծառայության պետը կամ արդարադատության նախարարը Ռեկտորին կարող են առաջարկություններ ներկայացնել լրացուցիչ վերապատրաստման առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ»: Ինչպես նկատում են դրական լրացուցիչ վերապատրաստումը նախ՝ պետք է հստակ նախատեսված լինի օրենքով, երկրորդ՝ այն ունի ընդհանուր վերապատրաստման համեմատությամբ հատուկ նպատակ, այն է՝ գործնական անհրաժեշտությունից ելնելով: Տվյալ դեպքում «Փաստաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ դրական լրացուցիչ վերապատրաստում անցնելու մասին որևէ ձևակերպում:

[6] ՀՀ-ում հանրային իրավունքի իրավաբանական անձ է նաև համայնքը (ՀՀ Սահմանադրության 180-րդ հոդվածի 2-րդ մաս), ՀՀ կենտրոնական բանկը պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է («ՀՀ կենտրոնական բանկի մասին ՀՀ» օրենքի 1-ին հոդված): «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Խորհրդի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի նկատմամբ տարածվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները: «Հանրային նշանակության կազմակերպության» որպես ոչ պետական կազմակերպության բնորոշումը տրված է նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով: Ավելի կոնկրետ՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը հիմնադրվում են Կառավարության որոշմամբ: Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը կարող են հիմնադրվել միայն բաժնետիրական ընկերության ձևով, որի միակ մասնակիցը Հայաստանի Հանրապետությունն է:

[7] Усков О. Ю. Юридические лица публичного права: понятие и виды // Журнал российского права. 2010. № 6 (162). URL: https://cyberleninka.ru (дата обращения: 14.02.2019).

[8] Яртых И.С. Адвокатура и власть. М., 2003.

[9] Զաքս Միխայել, Սահմանադրական իրավունք II:Հիﬓական իրավունքներ. մաս I: Հիﬓական իրավունքների տեսություն: Թարգմանություն՝ Լ. Սարգսյան, մասնագիտ. խմբ. և թարգմ. Վ. Պողոսյան, Եր.: Տիգրան Մեծ, 2015, էջ 118-123, Հայաստանի Հանրապետության 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրությունը, Համառոտ պարզաբանուﬓեր, Եր.: Տիգրան Մեծ, 2016, էջ 28, Հովհաննիսյան Գ. Հիﬓական իրավունքների երրորդային գործողությունը, http://hetq.am/arm/news/ 9581/himnakan-iravunqneri-errordayin-gortsoxutyuny.html (18.04.2017), Պետության և իրավունքի տեսություն: Գիտ. խմբ` Ա. Ղամբարյան, Մ. Մանուկյան, Դասագիրք, Եր.: Հրատ. «Լուսաբաց»., 2-րդ լրամշակված հրատ., 2016, էջեր 175-180։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել